«Ես մարդ եմ սպանել, սակայն մարդասպան չեմ», այս խոսքերով է յուրաքանչյուր հայ հիշում Սողոմոն Թեհլիրյանին, որն իր կատարած պատմական կրակոցով լեգենդ է դարձել հայ ժողովրդի համար։ Իրականությունը լեգենդից տարանջատելու համար էլ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում մարտի 16-ին տեղի ունեցավ «Հատուկ Գործ»․ Սպանել Թալեաթին» խորագրով դասախոսությունը, որը նվիրված էր Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 100-ամյակին։
Դասախոսությունը վարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումյանը։
«Սողոմոն Թեհլիրյանը ներկայացվում է որպես բողոքական, մինչդեռ ինքը բողոքական չի եղել։ Ներկայացվում է, որ իր երկու քույրերը, եղբայրներն ու հայրը սպանվել են, մինչդեռ եղբայրներից միայն մեկը՝ Ավետիսն է սպանվել տեղահանության ժամանակ, իսկ ամենասխալ մեկնաբանությունը Սողոմոնի ազգանվան սխալ արտաբերումն է», այս ու շատ այլ տարածված թյուր կարծիքների մասին խոսեց Գոհարը իր դասախոսության ընթացքում։
Կարդացեք նաև
«Հետաքրքիրն այն էր, որ Սողոմոն Թեհլիրյանի տված ցուցմունքը հրատարակվեց և այնտեղ որոշակի սխալներ կային։ Հատկապես այն, որ Սողոմոնը ներկա է եղել ընտանիքի սպանությանը։ Թեհլիրյան անձամբ կիլոմետրերով հեռու էր և մասնակցում էր ռազմական գործողություններին։ Այս լեգենդը կազմեց դատապաշտպանների կողմից», հավելեց նա։
Գոհարին այս թեման հետաքրքրել է դեռևս ուսանողական տարիներին։ Նրան զարմացրել է հատկապես այն հանգամանքը, որ «Նեմեսիս»-ի գործունությամբ հետաքրքրվել և ուսումնասիրել են օտարազգի հետազոտողները, բայց ոչ հայերը։
«Իմ մեջ հարցեր էին առաջանում, որոնց ես՝ որպես պատմաբան, չէի կարողանում պատասխանել», ահա այսպես նա պարզաբանեց այս թեմայով իր հետազոտությունը սկսելը։
Չնայած Գոհարը փորձել էր տալ բոլոր հարցերի պատասխանները, որոշ գաղտնիքներ դեռ մնում են չբացահայտված։
«Իմ համար այդպես էլ գաղտնի մնաց՝ ինչու ենք մենք գործողությունը անվանում Նեմեսիս։ Որևէ փաստաթուղթ չկա, որ գործողության անունը Նեմեսիս է։ Դրա համար էլ ես իմ հետազոտությունը անվանել եմ «Հատուկ Գործ»․ Սպանել Թալեաթին», – նշեց նա։
Հռիփսիմե Վարդերեսյան