Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հինգ հարյուր տոննա զենք է վաճառել Կոնգոյի բռնապետական վարչակարգին

Մարտ 16,2021 23:50

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Սա Ադրբեջանի զարմանալի պատմությունն է, մի երկրի, որն ուրիշներից զենք է գնում իր կարիքների համար՝ վաճառելով տասնյակ միլիոնավոր դոլարների զենք Կենտրոնական Աֆրիկայի երկրներից մեկին:

2021 թ․ փետրվարի 22-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) հոդված է հրապարակել՝ «Կոնգո-Բրազավիլի տիրակալը գաղտնի զենք է գնում Ադրբեջանից» վերնագրով։ Հոդվածի հեղինակներն են Խադիջա Շարիֆը և Մարկ Անդերսոնը: Կոնգո-Բրազավիլը Կոնգոյի Հանրապետության մեկ այլ անվանումն է:

Ահա OCCRP-ի հոդվածի հիմնական եզրակացությունների համառոտ շարադրանքը․

«Կոնգո-Բրազավիլը 2015 թվականից սկսած հսկայական զենքի պաշար է գնել Ադրբեջանից․ ավելի քան 500 տոննա զենք է առաքվել երկիր մի քանի խմբաքանակներով։

2020 թ․ հունվարին Ադրբեջանից ավելի քան 100 տոննա զենք է ուղարկվել Կոնգո-Բրազավիլի Հանրապետական պահակազորին, ներառյալ 775 ականանետային արկ և ավելի քան 400 հրթիռ՝ նախատեսված բեռնատարներից արձակելու համար։

Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Ադրբեջանից զենքի նախկին փոխադրումներն օգտագործվել են 2016 թվականին՝ հետընտրական դաժան հարձակումների բորբոքման համար, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի:

Սաուդյան Արաբիան նշված է որպես «հովանավորող կողմ» 2016 և 2017 թվականներին ուղարկված զենքի առնվազն երկու խմբաքանակներում, միևնույն ժամանակ բանակցություններ են վարվել Կոնգո-Բրազավիլը OPEC [Նավթ արտահանող երկրների կազմակերպություն] ընդունելու համար»:

Ըստ OCCRP-ի՝ «2020 թ․ հունվարին Մարմարա ծովի արևելյան ափին գտնվող թուրքական Դերինջե նավահանգստում զենքի հսկայական քանակ բեռնվել է MV Storm բեռնանավի վրա: Վանուատուի հարկային նավահանգստում գրանցված այս նավը, բեռնված ականանետային արկերով, բազմաթիվ համազարկային հրթիռներով և պայթուցիկ նյութերով, նավարկել է Ադրբեջանից դեպի Կոնգոյի Հանրապետություն, որն ավելի հայտնի է որպես Կոնգո-Բրազավիլ»

Վերոնշյալ ամփոփագիրը մի քանի լուրջ հարցեր է առաջ բերում. ինչո՞ւ էր Ադրբեջանը զենք ուղարկում Կոնգոյի Հանրապետություն, երբ Բաքուն ինքը զենքի կարիք ուներ: Կոնգո ուղարկված զենքի իրական աղբյուրը Ադրբեջա՞նն է, թե՞ Թուրքիան։ Ինչո՞ւ է Սաուդյան Արաբիան հովանավորել զենքի երկու առաքումները 2016 և 2017 թվականներին, ինչը նշանակում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը վճարել է զենքի համար: Ինչո՞ւ էին Ադրբեջանի ու Թուրքիայի բռնապետերը փորձում աջակցել Կոնգոյի Հանրապետության բռնապետին՝ նախագահ Դենիս Սասու-Նգուեսոյին, որը 1997 թվականից ի վեր իշխանության ղեկին է։ Ի՞նչ են ստացել Ադրբեջանը կամ Թուրքիան զենքի առաքման դիմաց:

2020 թ․ հունվարին Ադրբեջանը տասնյակ միլիոնավոր դոլարներ արժողությամբ ավելի քան 100 տոննա զենք է առաքել Կոնգոյի էլիտար Հանրապետական պահակազորի շտաբին։ Դա 2015 թվականից ի վեր առնվազն 17 նման առաքումներից վերջինն էր: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը Կոնգո է ուղարկել ավելի քան 500 տոննա զենք, ներառյալ ձեռքի նռնակներ, ականանետային համակարգեր և միլիոնավոր փամփուշտներ, հայտնում է OCCRP-ը:

Ընդդիմության ուժերը պնդում են, որ այդ զենքերը օգտագործվելու են Կոնգոյի նախագահի կողմից մարտի 21-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր իշխանությունը բռնի կերպով պահպանելու համար: Վերջերս նա փոխել է սահմանադրությունը, որպեսզի կարողանա ցմահ նախագահ լինել․․․

Ինչպե՞ս կարող է Կոնգոյի նման ֆինանսապես սնանկացած երկիրն իրեն թույլ տալ գնել այդքան մեծ քանակի զենք: Սաուդյան Արաբիան, ֆինանսավորելով զենքի երկու բեռնափոխադրումները, ցանկացել է ընդլայնել իր քաղաքական ազդեցությունը Կոնգոյի վրա:

Անցյալ տարվա հունվարին Ադրբեջանից Կոնգո զենքի ամենավերջին բեռնափոխադրումը ներառում էր 775 ականանետային արկ և 400 հրթիռ։ Բուլղարական մի ընկերություն դրանք Բաքվից տեղափոխել է Թուրքիա, այնուհետև բեռնել MV Storm նավի վրա Դերինջեում, որը գտնվում է Թուրքիայի կառավարության կողմից շահագործվող նավահանգստում: Ներքին աղբյուրի հաստատմամբ՝ Կոնգոն զենքը գնել է զեղչված գներով:

Ըստ Կոնգոյի քաղաքական կուսակցության առաջնորդի՝ Կոնգոյի կառավարությունը Ադրբեջանից զենքն օգտագործել է ընդդիմության դեմ՝ «հրկիզված երկրի» ռազմավարության մեջ։ Հաշվի առնելով վարչակարգի՝ մարդու իրավունքների լուրջ խախտումները, եվրոպական ոչ մի երկիր զենք չէր վաճառի Կոնգոյին: 2016-ի նախագահական ընտրություններում Միացյալ Նահանգները քննադատում էր Կոնգոյի կառավարությանը՝ «համատարած խախտումների և ընդդիմության կողմնակիցների ձերբակալությունների համար»: Ակնկալվում է, որ այս ամսվա նախագահական ընտրությունները նույնքան կոռումպացված կլինեն, որքան նախորդները: «Կառավարությունն իրականացնում է նախընտրական քարոզչություն իր քաղաքական հակառակորդների նկատմամբ ահաբեկումների, հետապնդումների և կամայական կալանքի տակ պահելու համար», ասաց Amnesty International-ի ներկայացուցիչը:

OCCRP-ն հաղորդել է, որ «զենքի առաջին բեռնափոխադրումները Բրազավիլ են ժամանել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով, բայց 2017 թվականից սկսած զենքի մատակարարումներն սկսել է իրականացնել [ադրբեջանական] մասնավոր Silk Way Airlines ավիաընկերությունը․․․․ Silk Way-ը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում՝ հարկային նավահանգստում և նախկինում կապված էր Ալիևների ընտանիքի հետ: ԱՄՆ կառավարության հետ զինամթերք և այլ ոչ մահացու նյութեր տեղափոխելու նախկին շահավետ պայմանագրերից բացի, բուլղարական «Տրուդ» (Trud) թերթի կողմից բացահայտված թղթակցությունից պարզվել է, որ Silk Way-ն օգտագործում էր դիվանագիտական ​​թույլտվություն ունեցող թռիչքներ՝ հարյուրավոր տոննա զենք գաղտնի տեղափոխելու համար ամբողջ աշխարհում, այդ թվում՝ համաշխարհային հակամարտությունների գոտիներում, 2014-2017 թվականներին»:

Կոնգոյի ընդդիմությունը անհանգստացած է, որ Ադրբեջանից եկած զենքը կբարձրացնի ընտրությունների շուրջ բռնությունների հավանականությունը: «Մենք մտահոգված ենք, որ Սասու-Նգուեսոյի վարչակարգը Ադրբեջանից գնած զենքերը կարող է օգտագործել գալիք ընտրությունների ժամանակ ընդդիմությանը ճնշելու համար», ասաց ընդդիմության առաջնորդներից մեկը:

ՄԱԿ-ը պետք է հետաքննություն սկսի Ադրբեջանից Կոնգոյի բռնապետին զենքի այս գաղտնի վաճառքի փաստով, որը նախատեսված է տեղի բնակչության մարդու իրավունքները ճնշելու և նախագահական ընտրությունները հերթական անգամ կեղծելու համար․․․

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031