Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ հաշմանդամություն ունեցող օդաչուների խախտված իրավունքների վերականգնման հարցով:
Մասնավորապես, դիմումով վիճարկվում են Քաղաքացիական օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի, Կառավարության երկու որոշումների այն դրույթները, որոնք չեն սահմանում գործուն մեխանիզմներ ու դա հանգեցրել է նրան, որ հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները Կառավարության ու դատական շուրջ 15 տարիների քաշքշուկների պատճառով խախտվել են ու շարունակվում են մնալ խախտված:
Այս գործը դասական օրինակ է, թե ինչպես կառավարության տարբեր մարմինների կողմից հարցն իրար վրա գցելու, դատական քաշքշուկների ներքո պատսպարվելու ու հարցի լուծման օրենսդրական հիմքեր այդպես էլ չապահովելու արդյունքում մարդիկ տարիներ շարունակ զրկված են աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից:
Հաշմանդամություն ստացած օդաչուները տարիների ընթացքում ամեն կառավարության հետ նորովի են ստիպված լինում բարձրացնել իրենց իրավունքների պաշտպանության հարցերը, սակայն վերջում միևնույնն է՝ ամեն անգամ ստանում են միայն խուսափողական, խնդրի լուծում չապահովող, չհիմնավորված վախերով պատճառաբանվող ու մարդկանց միայն հույսեր ներշնչող նույնաբովանդակ պատասխաններ:
Կարդացեք նաև
Այս գործն օրինակ է, թե ինչպես է գործադիր իշխանության համակարգի բյուրոկրատիան խաթարում իրավունքի գերակայության գաղափարը և ինչպես է կոպտորեն ոտնահարվում մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական սկզբունքը:
Այս գործը ցույց է տալիս, որ գործնականում չի ապահովվում պետության պատասխանատվությունը մարդու ու նրա կոնկրետ խնդիրների նկատմամբ, հարգանքը նրա կոնկրետ իրավունքների հանդեպ, որքան էլ ռազմավարական տարբեր փաստաթղթերում Կառավարությունները տարիներ շարունակ ամրագրել են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներ:
Բյուրոկրատական նման քաշքշուկները մարդկանց աչքերում արժեզրկում, զրոյացնում են այդ բոլոր գաղափարները, դրանք դարձնում են հռչակագրային անիրական «մտքեր»:
Օդաչուների գործը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առաջին անգամ մուտքագրվել է 2006 թվականին, այսինքն՝ 15 տարի առաջ: Այս տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանները տասնյակներով գրություններ են հասցեագրել պետական համապատասխան մարմիններին՝ անհրաժեշտ օրենսդրական ուսումնասիրություններով և հարցի լուծման առաջարկներով, կազմակերպել կամ նախաձեռնել են քննարկումներ:
Տեղի են ունեցել մի քանի տասնյակ հանդիպումներ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արդարադատության նախարարության, «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և հարցի կարգավորման գործում ներգրավված այլ կողմերի միջև:
Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում և հաղորդումներում:
2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն:
Բանն այն է, որ ներպետական օրենսդրությամբ բացակայում են իրավական կառուցակարգեր՝ ուղղված կազմակերպության լուծարման կամ բացակայության դեպքում աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալուն: Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից:
2006 թվականից մինչ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները:
Ավելի քան 7 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը:
Մինչդեռ, տարիներ շարունակ նախագծի ընդունման չհիմնավորված ձգձգումներն ապացուցում են, որ կառավարությունները չեն գործադրել և շարունակում են չգործադրել հետևողական ջանքեր մարդկանց իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:
2017 և 2020 թվականներին Կառավարության հետ քննարկումները և ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր: Այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը:
Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ:
Դրանից հետո, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու հաշմանդամություն ունեցող օդաչուների մասնակցությամբ քննարկումները ակնհայտ դարձրեցին, որ խնդրի լուծման կոնկրետ քայլեր մինչ օրս չեն ներկայացվել:
Արդյունքում, ստեղծվել է իրավիճակ, որով անտեսվում են նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:
Փաստորեն, ստացվել է այնպես, որ թեև պատկան մարմիններից որևէ մեկը չի ժխտում, որ առկա է խնդիր, բայց այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ մարդու իրավունքը՝ չվերականգնված: Հաշվի չի առնվում նաև հաշմանդամություն ստացած օդաչուների տարիքային ու առողջական վիճակը, կյանքի տևողությունը, որը միայն պետք է նպաստեր այդ հարցի հրատապ ու նրանց համար հարցի հնարավորինս նպաստավոր լուծմանը, այլ ոչ թե քաշքշուկներով մատնվեր տարիների անթույլատրելի մոռացության:
ՀՀ կառավարությունն [իր մարմիններով] պարտավոր է առավելագույն սեղմ ժամկետներում այս հարցին տալ այնպիսի լուծում, որը կապահովի հաշմանդամություն ստացած օդաչուների իրավունքների լիարժեք իրացումը:
Այսպիսով, Սահմանադրական դատարան ներկայացված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի, ինչպես նաև կյանքի կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանն առնչվող ՀՀ կառավարության երկու որոշումների՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 75-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանությունն այնքանով, որքանով դրանցով ամրագրված չեն գործուն իրավական կառուցակարգեր՝ ուղղված կազմակերպության լուծարման կամ բացակայության դեպքում աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալուն:
Մենք շարունակելու ենք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում գործադրել առկա բոլոր հնարավորությունները՝ օդաչուների խախտված իրավունքների վերականգնման նպատակով:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան