Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե որ տաշի-տուշի է արել, մի 3-4 սելֆի էլ արած կլինի, էլ ինչի՞ է ժողովրդից նկար հավաքում»․ Հովհաննես Գրքիկյանի որդին՝ Գյումրու քաղաքապետին

Մարտ 16,2021 21:01

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու վերջին նիստի ժամանակ, երբ քննարկում էին Գյումրու բյուջեից փաստաբանական ծառայությունից օգտվելու համար 2 միլիոն 700 հազար դրամ հատկացնելու հարցը, բավական մտահոգ ու բորբոքված ելույթ ունեցավ։ Նա պարզաբանեց, որ այս գումարն անհրաժեշտ է այն պատճառով, որ Հովհաննես Գրքիկյանը 54․000․000 դրամ է պահանջում Գյումրու աղքատ բյուջեից։

Հովհաննես Գրքիկյանը Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից է․ Վարդան Ղուկասյանի օրոք զբաղեցրել է բնակկոմունալ և շրջակա միջավայրի բաժնի պետի պաշտոնը։

Մի քանի տարի է՝ դատական վեճեր են սկսվել Հովհաննես Գրքիկյանի ազգակիցների ու Գյումրու քաղաքապետարանի միջև, որը կապված է Գրքիկյաններին պատկանող «Դվին» հանդիսությունների սրահի հետնամասում կառուցված սպասարկման օբյեկտի հետ։ Գյումրու քաղաքապետարանը Բորյան փողոցի 0․073648 հա հողամասում բնակելի մասով առևտրի և սպասարկման երկու հարկանի օբյեկտի շինարարության ավարտից հետո շահագործման ակտ չի տրամադրել։ Սեփականատերերն էլ, որոնք Հովհաննես Գրքիկյանի ազգակիցներն են, դատի են տվել Գյումրու քաղաքապետարանին՝ պահանջելով վնասի փոխհատուցում, որը կազմում է 54․000․000 դրամ։

Այս պահին վարչական դատարանում դատական նիստեր են ընթանում։ Սեփականատերերը պատճառաբանում են, որ   Գյումրու քաղաքապետարանը շահագործման ակտ չի տրամադրել, իրենք չեն կարողացել սեփականության վկայական հանել, գույքն օգտագործել, շահույթ ստանալ։ Այժմ էլ քաղաքապետարանը պարտավոր է  վնասի հատուցում տալ։

Սամվել Բալասանյանն էլ պնդում է, որ առանց շահագործման թույլտվության էլ  այդ կառույցը 2013-2017 թվականներին ապօրինի գործել է, այնտեղ  քաղաքի ամբողջ բնակչությունը խաշ, ճաշ է կերել, տաշի-տուշի է արել, անգամ տաշի-տուշի արել է ինքը։ Այնպես որ, ըստ նրա,  Գրքիկյանը, որը տեր է կանգնել ամբողջ քաղաքին, ուզում է վնաս հասցնել։

Հովհաննես Գրքիկյանի որդին՝ Հովսեփ Գրքիկյանն,  այսօր  պարզաբանումներ ներկայացրեց Aravot.am-ին՝ հակադարձելով Գյումրու քաղաքապետին։

Հովսեփ Գրքիկյանը վստահեցնում է, որ Բորյան փողոցում գտնվող կառույցը տարիներ շարունակ չի գործել, որովհետև այդպես է ցանկացել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Ըստ նրա,  եթե շահագործվեր,  գրանցված կլիներ հարկայինում, մինչդեռ ավարտական ակտ չեն ունեցել ու իրավունք չեն ունեցել շահագործման։ Բացի այդ, ըստ նրա, եթե շահագործած լինեին, հոսանքի, գազի վարձավճար կմուծեին, մինչդեռ նման բան չկա։

«Այդ օբյեկտը ունի սեփականատերեր՝ Արմեն Մովսիսյանն ու Անահիտ Գրքիկյանն են, նա իմ հորեղբոր աղջիկն է։ Իրենք են հայց ներկայացրել քաղաքապետարանի դեմ՝ 54 միլիոն դրամի վնասի փոխհատուցման պահանջով։ «Դվին» հանդիսությունների սրահը և նշված օբյեկտը իրար հետ կապ չունեն։ «Դվին»-ը Շիրակացի 11/1 հասցեում է գտնվում, մյուսը՝ Բորյան փողոցում, տարբեր հասցեներում են գործում։ Բորյան փողոցում գտնվողն ունի իր անվանումը, առաջին հարկը կոչվում է «Հեքիաթ»․ մանկական ոճի է կառուցված, երեխեքի համար է, իսկ երկրորդ հարկը բացվելուց հետո «Վասպուրական» են անվանել․ հին փայտից է սարքած։

«Դվին»-ը 2008 թվականից է գործում, բոլորը մտել-ելել են, գիտեն, իսկ այդ օբյեկտը «Դվին»-ի կառուցումից  տարիներ անց է  կառուցվել Արմենի կողմից։ Արմենը կանգնել է խնդիրների առաջ։ Կառուցեց, բայց քաղաքապետարանը շահագործման թույլտվություն չէր տալիս՝ առանց որևէ հիմնավոր պատճառի։

Գյումրու քաղաքապետը, որ ասում է, թե բնակիչներն են բողոքել, դրա համար չի տվել  շահագործելու թույլտվություն, կասի՞՝ որտեղ է այդ բողոքը։ Ես էլ ասում եմ, որ 500 կիլոգրամ շտանգա կարող եմ հանել, ասելն այլ բան է, փաստաթուղթը ներկայացնելն՝ այլ։ Համարյա 4-5 տարի է՝ դատավարություն է ընթացել, հասել է մինչև Վճռաբեկ դատարան, եթե կար նման բողոք, ոնց որ ոչ մի դատավոր, ոչ մի փաստաբան էդ բողոքը չեն տեսել»։

Մեր հարցին՝ կոնֆլիկտներ ունե՞ք քաղաքապետ Բալասանյանի հետ, Հովսեփ Գրքիկյանը պատասխանեց․ «Ո՛չ առաջ ենք կոնֆլիկտ ունեցել, ո՛չ էլ հիմա, ես չգիտեմ չթույլատրելու միտումը»։

Մեր դիտարկմանը՝ Սամվել Բալասանյանը նեղված է քաղաքի թշվառ բյուջեից 54 միլիոն դրամ պահանջելու համար, Հովսեփ Գրքիկյանն ասաց․ «Կներեք, մի բան ասեմ, որ ասում են՝ քաղաքի թշվառ բյուջե, ես տեսել եմ այդ ավագանու նիստը, ավագանու անդամներից 80 տոկոսին ճանաչում եմ, նորմալ-կրթված մարդիկ են, բայց այդ անդամներից մեկի մտքից արդյոք չանցա՞վ քաղաքապետին հարցներ, թե դու նախ ինչո՞ւ ես այս պատմությունը բերել-հասցրել էս վիճակին։ Ասում ես բողոք է եղել բնակիչներից, չես թույլատրել շահագործման, ո՞ւր է այդ բողոքը։

Երկրորդը՝ ասում ես թշվառ բյուջե, 2 միլիոն 700 հազար դրամ փաստաբան վարձելու համար ինչո՞ւ ես բյուջեից փող հանում, երբ որ քաղաքապետարանն ունի իրավաբանական բաժինը, որի  աշխատակիցները վարձատրվում են։ Էդ թշվառ բյուջեն մենակ Արմենի վրա է ազդո՞ւմ, իր վրա չի ազդո՞ւմ, որ 2 միլիոն 700 հազար դրամ է հանում չգիտես ինչի համար, որի ծառայությունները քաղաքապետարանի իրավաբանական բաժինը լրիվ ունի»։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Սամվել Բալասանյանի այն հայտարարությանը, թե բոլորն էլ այնտեղ տաշի-տուշի են արել, կառույցն ապօրինի աշխատել է։

«Ինքն ասում է, որ հենց ես տաշի-տուշի արել, եթե ինքը «Դվին»-ում տաշի-տուշի է արել, էդտեղ կարող է,  որովհետև «Դվին»-ն այլ բան է, էն մյուսն՝ այլ բան։ Իսկ եթե էդ կողքի ռեստորանն ինքը տաշի-տուշի է արել, ինչի՞ է ընկել քաղաքացիներից նկարներ կամ չգիտեմ ինչեր է հավաքում, որ դատարան ներկայացնի։ Դե որ տաշի-տուշի  է արել, մի 3-4 սելֆի էլ արած կլինի, թող առաջինը ինքն իր նկարները, ապացույցները ներկայացնի, որ ինքը էդտեղ եղել է, նոր ժողովրդից պահանջի։ Գյումրեցին մի լավ խոսք ունի, ասում է՝ եթե սոխ չես կերել, սիրտդ չպիտի մռմռա չէ՞, ինչի՞ է ընկել դռնեդուռ, պատեպատ, եթե ինքը ճիշտ է, օրինական էս ամեն ինչն արել է, ինչի՞ համար է  էս ամեն ինչը»,- ասաց Հովսեփ Գրքիկյանը։

Մեր դիտարկմանը, թե Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնից պնդում են, որ թեև քաղաքապետարանը չի տվել շահագործման իրավունք, սակայն «Դվին» հանդիսությունների սրահի ՖԲ էջում հենց այդ ընթացքում տեղադրվել է գովազդային տեսանյութ, որտեղ Գյումրի քաղաքի բնակիչներին հրավիրում են օգտվել հետնամասի հյուրասրահներից, հաճելի ժամանակ անցկացնել, Հովսեփ Գրքիկյանն ասաց․ «Էդտեղ չորս հոգանոց միջոցառում անելու տեղ չէ կամ երեք հոգանոց բանկետնի չէ, դա մեծ խնջույքների համար է։ Եթե ռեստորանն աշխատել է մոտավորապես 3-4 տարի, արդյո՞ք  հարկայինից կամ այլ կառույցներից մի հոգի չեղա՞վ, որ էդտեղ հարսանիքի, ծննդի կամ կնունքի մասնակցեր, գար, ձևի համար սեփականատիրոջը՝ Մովսիսյան Արմենին, 50 հազար դրամ տուգաներ, ասեր՝ դու հարկային չես մուծել, կամ լույսի, գազի վարձավճար չես մուծել, բայց արարողություն ես անում։ Տրամաբանության մեջ կա՞ նման բան, կամ եթե  Արմենն աշխատեցնում է այդ օբյեկտը, եթե 100 հոգի հյուրընկալվեցին, ինքը հարյուր հոգուն էլ ճանաչո՞ւմ է, կարող է հյուրընկալվածներից մեկն էլ Երևանի ընդհանուր հարկայինի պետը լինի միջոցառմանը․․․»։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու նիստի ժամանակ անդրադարձել էր նաև Գրքիկյաններին պատկանող մեկ այլ՝ «Անի» ռեստորանին՝ նշելով, որ այն ևս ապօրինի է աշխատում։ «Անի» ռեստորանն էլ գտնվում է քաղաքի պատմական միջուկում՝ տիկնիկային թատրոնի անմիջական հարևանությամբ։

Հովսեփ Գրքիկյանն ասաց․ «Անի ռեստորանը երկու տարի գործում է, ինքը ելել, հայտարարություն է տարածել, որ «Անի» ռեստորանն ապօրինի շինություն է։ Հիմի թող դիմում գրի հարկային,  տեսնեն ապօրինի է աշխատո՞ւմ, թե՞ ոչ։ Եթե ապօրինի աշխատում է, նշանակում է՝ հարկայինում գրանցված չպիտի լինի,  գրանցված աշխատող չպիտի ունենանք։ Ամեն երեկո, որ չասեմ ամեն օր, բայց  չորս-հինգ օրը մեկ մարդիկ ուղիղ եթերով քեֆ են անում։ Արդյո՞ք հարկայինը փղի ականջում քնած է, չի տեսնում այդ ամենը, որ գա, բռնի, տուգանի, փակի ռեստորանը․․․»։

Հովսեփ Գրքիկյանը զարմանում է, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը  ուրախանալու փոխարեն, որ քաղաքում ներդրումներ են կատարվում, աշխատեղեր են ստեղծվում, ընկնում է բիզնեսի հետևից։

«Իրենը գիտեք ո՞րն է, էն որ ասում են՝  իմ դարդս, ցավս ինձ քիչ է, հարևանս «Մերսեդես» առավ։ Էսօր, եթե մեր քաղաքի մեջ օբյեկտ է բացվում, թեկուզ 5 քառակուսի մետրանոց կոշկակարի բուտկա, ես ուրախանում եմ, որովհետև էդ ընտանիքն էդ օրը թեկուզ հազար դրամ տուն է տանում, էրեխեքին հացի խնդիր է լուծում»։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է հայցը հետ վերցնենք վարչական դատարանից, Հովսեփ Գրքիկյանն ասաց․ «Մենք դատական պրոցեսը շարունակելու ենք, սեփականատերն՝ Արմենը, մեծ վնասներ է կրել,  54 միլիոն դրամն էլ կգնա մեր բանակին ու զոհված զինվորների ընտանիքներին»։

Հովսեփ Գրքիկյանն անդրադարձավ նաև իր հոր՝ Հովհաննես Գրքիկյանի՝ ասֆալտի գործով կալանավորմանը, որի մասին, ըստ նրա, ևս խոսել են Գյումրու քաղաքապետարանում։ Հիշեցնենք, որ Հովհաննես Գրքիկյանի դեմ քրգործ էր հարուցվել դեմ  Գյումրու քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով 80 միլիոն դրամ «Գյումրեցի ընկերներ» կազմակերպությանը փոխանցելու համար, որը սակայն, ըստ քրեական գործի, նպատակին չէր ծառայել։

«Որ ասում են Հովհաննես Գրքիկյանը նստել է, ճիշտ է՝  նստել է, բայց գործը կարճվել է, Հովհաննես Գրքիկյանի վրա թեկուզ 100 դրամի յուրացում, քիչ ասֆալտ անել և այլն, չի եղել։ 11 ամիս պահել են Գրքիկյան Հովհաննեսին, գործը քննչական խումբ էր քննում, ոչ թե մի քննիչ։ Եկել են, ուսումնասիրել են ասֆալտած բոլոր տարածքները, ակտի մեջ գրած է եղել, ասֆալտը պիտի լիներ 3 սանտիմետր, տասը տեղից նմուշներ են վերցրել, եղել է 3 սանտիմետր ու կես,  որտեղ որ անհրաժեշտ է եղել ասֆալտապատել, ասֆալտապտվել է,  պահանջվել է 100 քառակուսի մետր ասֆալտ, արել են 100 կամ 110 քառակուսի մետր։ Բնակիչներից ցուցմունք են վերցել, որ փողոցները ասֆալտապատվել են՝ նորմալ, դրա համար էլ քննչականը գործը կարճել է, նույնիսկ դատարան չի գնացել»,- ասաց Հովսեփ Գրքիկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031