Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. Ալիևի հայտարարությունները բացահայտ հավակնություններ են ՀՀ տարածքների նկատմամբ

Մարտ 16,2021 20:35

Թարգմանաբար ներկայացնում ենք Դավիթ Շահնազարյանի հոդվածը, որը հրապարակվել է Լեհաստանի՝ Economic Forum կայքում։

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին

2020թ. նոյեմբերի 9-ին, Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի զինադադարի հաստատումից հետո, ընդունվեց Եռակողմ հայտարարություն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ, որի 8-րդ կետի պահանջը հետևյալն է. «Իրականացվում է ռազմագերիների և այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակում»:

Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել անհետ կորածների ու գերիների ցուցակը և թիվը, անհեթեթ պատճառաբանությամբ, թե այդ տեղեկատվությունը «պետական գաղտնիք է պարունակում» և «կարող է վնասել գերիներին»: Այժմ, տարբեր տեղեկություններով, Ադրբեջանում դեռևս պահվում են մոտ 200 ռազմագերիներ և քաղաքացիական անձինք:

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել 2020թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն առնվազն անպատասխանատու պահվածք են դրսևորում հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում, ինչը խիստ դատապարտելի է և Հայաստանի իշխանությունները հասարակության շրջանում խիստ քննադատության են արժանանում իրենց անգործության պատճառով:

Ըստ էության, Հայաստանի գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպություններն ավելի ակտիվ են այս հարցով, քան՝ Հայաստանի իշխանությունները, որոնք պարտավոր են բարձրաձայնել այս խնդրի մասին բոլոր միջազգային ատյաններում և պետք է առավելագույնս արդյունավետ աշխատեն Միջազգային Կարմիր խաչի, բոլոր միջազգային կազմակերպությունների և պետությունների հետ: Սակայն, ՀՀ իշխանությունները նախընտրում են ադրբեջանական կողմի հետ բանակցել այլ հարցերով, այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում պահվում են հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք, երբ այդ մարդկանց Ադրբեջանի նախագահը «ահաբեկիչ» է որակում և նշում, թե՝ «ադրբեջանական կողմը վերադարձրել է բոլոր ռազմագերիներին»: Այս մասին Ադրբեջանի նախագահն արդեն հստակ հայտարարել է, հասկացնել տալով, որ այլև ռազմագերիներ չկան, այսինքն, մնացած պահվող անձանց Ադրբեջանը համարում է «հանցագործներ», «ահաբեկիչներ», հետևաբար՝ նրանց վերադարձնելու որևէ մտադրություն չունի:

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների Պաշտպան (օմբուդսմեն) Արման Թաթոյանը, թերևս, միակ պետական պաշտոնյան է, ով ինտեսիվ և արդյունավետ աշխատում է հայ ռազմագերիների վերադարձի հարցով: Նա տարբեր միջազգային ատյաններում բարձրացնում է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Արման Թաթոյանը բազմիցս արձանագրել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:

Հարկ է նշել, որ ՄԻՊ–ի ինստիտուտը Հայաստանի անկախ մնացած բացառիկ կառույցներից մեկն է, և բոլորովին պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները սկսել են գործել ընդդեմ այդ կառույցի: Փետրվարի 26-ին ՀՀ իշխանությունները քայլեր ձեռնարկեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակի պետական ​​մեքենաների քանակը էապես կրճատելու ուղղությամբ, իսկ  մարտի 11-ին կառավարության նիստում Ֆինանսների նախարարությունը ներկայացրեց օրենքների փոփոխության նախագիծ, համաձայն որի, եթե այն ընդունվի խորհրդարանում, ավելի կսահմանափակի օմբուդսմենի անկախությունն ու մանդատը՝  պաշտպանելու մարդու իրավունքները Հայաստանում:

Հայաստանի օմբուդսմենը միջազգային ատյաններին զեկույցներ է ներկայացնում թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած բազմաթիվ պատերազմական հանցագործությունների մասին տեղեկությունները հաստատող փաստերով, մասնավորապես, Ադրբեջանի կողմից կասետային և ֆոսֆորային ռումբերի կիրառման ապացույցները:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ, ինչպես նաև արձանագրել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը: Պաշտոնական Բաքուն, այսպիսով, իր փաստարկներով, թե գերեվարված զինծառայողները ռազմագերիներ չեն, բացահայտ կերպով խեղաթյուրում է անհերքելի փաստերը։

Ադրբեջանը, փաստացի, հրաժարվում է ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և վերադարձնել նրանց, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց: Այս մասին հայտարարվեց փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ-ի փետրվարի 27-ի հայտարարությունում: Սա միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է և ակնհայտ է, որ Ադրբեջանը ռազմագերիներին և քաղաքացիական անձանց պահում է՝ նպատակ ունենալով օգտագործել նրանց որպես լծակ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նորանոր զիջումների պահանջով:

Ադրբեջանի նախագահը պահանջում է ավտոճանապարհային, երկաթուղային, գազանավթամուղային կոմունիկացիաների միջանցքներ Սյունիքում՝ Հայաստանի վերահսկողությունից դուրս: Նախիջևանի հետ կապը Ադրբեջանը ձգտում է հաստատել՝ ոտնահարելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը այդ կոմունիկացիաների նկատմամբ։ Հայաստանի հարավի՝ Սյունիքի մարզի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները բացահայտ հավակնություններ են Հայաստանի տարածքների նկատմամբ, նրա կողմից՝ «Զանգեզուրի միջանցք» և Ադրբեջանի «պատմական տարածք» ձևակերպումների գործածմամբ:

Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային մասնագիտացված կառույցներն էլ ավելի հետևողական լինեն հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու հարցում: Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի հանդեպ ռազմական հանցագործությունների իրականացումից հետո անպատժելիությունը Ադրբեջանի իշխանություններին «ինքնավստահություն» է հաղորդել նաև այս հարցում. պաշտոնական Բաքուն արհամարհում է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները։

Բացի այդ Ադրբեջանը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմում զինադադարի հաստատումից հետո վայելում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունը: Հարկ է նշել, որ պատերազմի ընթացքում այդ աջակցությունը դրսևորվեց նաև Սիրիայից վարձկան ահաբեկիչներին Թուրքիայի միջոցով հակամարտության տարածաշրջան տեղափոխելով և այդ վարձկան ահաբեկիչները մինչ այժմ գտնվում են Ադրբեջանում։ Ավելին, հրապարակվել են բազմաթիվ տեղեկություններ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մտադիր է «ազատագրված տարածքներում» բնակեցնել այդ վարձկաններին, նույնիսկ՝ նրանց ընտանիքներին տեղափոխել այդ տարածքներ: Պատերազմում վարձկանների առկայության մասին տեղեկությունները հաստատել են մի քանի պետություններ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները, միջազգային առաջատար լրատվամիջոցներ, փորձագետներ, հետաքննող լրագրողներ, ինչպես նաև ՀՀ օմբուդսմենն է այս խնդրի մասին հետևողականորեն բարձրաձայնում:

Հայտնի է, որ տարբեր միջազգային կառույցներ, առանձին պետություններ իրենց պաշտոնական հայտարարություններում, ինչպես նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փակ հանդիպումների, բանակցությունների ժամանակ բազմիցս պահանջել են անհապաղ ազատել Ադրբեջանի կողմից գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, սակայն Ադրբեջանի իշխանությունների համառությունը ամբողջովին կասկածի տակ է դնում այդ երկրի՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայերի հետ խաղաղ համակեցության պայմաններում ապրելու, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման վերաբերյալ հավաստիացումները:

Ադրբեջանը շարունակում է հրաժարվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց վերադարձնելու պահանջները կատարել՝ խախտելով նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և Ժնևի կոնվենցիաների դրույթները՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Ինչպե՞ս է այդ երկիրը երաշխավորելու հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը, երբ չի իրականացնում իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, այն է՝ նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջը:

Պատերազմում հաստատված զինադադարից 4 ամիս անց Հայաստանում խորը քաղաքական ճգնաժամ է: Իշխանությունը խայտառակ դիվանագիտական, արտաքին քաղաքական պարտություն է կրել, և փոխանակ լուծելու հետպատերազմյան խնդիրները՝ ռազմագերիների վերադարձման հարցը շահարկում է՝ ընդդիմությանը մեղադրելով գերիների վերադարձմանը խոչընդոտելու մեջ և ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարներ է իրականացնում:

Միջազգային հանրությունը, միջազգային կառույցները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային ձևաչափ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը, ԵՄ-ն, ԵԽ-ն և Հայաստանի գործընկեր եվրոպական պետությունները պետք է ավելի հետևողական լինեն՝ Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու հարցում: Պատերազմում ռազմական հանցագործությունների իրականացման համար պատժամիջոցների չենթարկված Ադրբեջանին միջազգային հանրությունը պետք է պարտադրի անվերապահ, անհապաղ և լիարժեք կերպով իրականացնել թե՛ Ժնևի Կոնվենցիաներով սահմանված, թե՛ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության իր պարտավորությունները։

Դավիթ Շահնազարյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան,
1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար,
1991-95թթ. և 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031