Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, որպես կատարած գործ, ներկայացնում էր այն, որ գումարտակի հրամանատարների, բարոյահոգեբանական աշխատանքի գծով սպաների վերապատրաստում են արել, նոր ծրագիր մշակել, կյանքի իրավունքի վերաբերյալ զինծառայողների իրազեկվածությունը բարձրացնելու համար տպագրել են տեղեկատվական պաստառներ եւ այլն: Իրական խնդիրներից այն աստիճան կտրված տեղեկություններ լսելով՝ անգամ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդհատեց ու հիշեցրեց՝ մենք գտնվում ենք հետպատերազմական վիճակում, բանակը շոկային վիճակում է. «Եկեք կենտրոնանանք՝ այս պահի դրությամբ ինչ հրատապ քայլեր կան կատարված եւ ինչ պետք է կատարվի»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հարցեր շատ կան՝ Վազգեն Սարգսյանի ուսումնարանը, երբ նոր էր բացվել, 360 դիմորդ կար, հիմա՝ 36. «Ինչի՞ այդպես եղավ, ինչո՞ւ ցանկությունը կորավ, ի՞նչ տեղի ունեցավ բանակի հետ»:
Իմքայլական Արմեն Խաչատրյանը հարցրեց. «Պատերազմում ունեցանք խիզախ եւ պրոֆեսիոնալ մարտիկներ, տարիներ են պետք, որ զինվորին դարձնեն իրական մարտիկներ, բայց այս 44 օրվա պատերազմը լավագույն վարժանքն էր, այս տղերքը, որ կռվել են հերոսական, անձնվեր, վառոդի հոտ են քաշել, տեսել են տակտիկական պատերազմի լավը, վատը, մենք իրենց տեղը գիտե՞նք, կարո՞ղ ենք այս տղերքին նորից բերել բանակ, գրավիչ պայմաններ առաջարկենք, որ մնան բանակում, մենք պետք է իրենց բաց չթողնենք: Ինչ-որ բան այս ուղղությամբ արվե՞լ է, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Արման Սարգսյանը պատասխանեց. «Ձեր խոսքը եւս կոչի պես մի բան էր, որ ովքեր ունեն բանակի նկատմամբ մեծ սեր, մենք պատրաստ ենք իրենց ապահովենք լավ աշխատանքով՝ իրենց կրթությանը համապատասխան»:
«Իմ քայլից» Արեն Մկրտչյանը ԶԼՄ-ների հարցը բարձրացրեց, ըստ նրա, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր «խեղկատակները», որոնք սպառազինության տեղաշարժ են հրապարակում:
Անդրանիկ Քոչարյանն էլ դժգոհեց. «Պատերազմն եղավ՝ սաղ զանգում էին, թե՝ ի՞նչ է պետք՝ զրահաբաճկոն է պետք, ԱԹՍ է պետք, կասկա է պետք, тепловизор է պետք, այնքան тепловизор բերեցին, հիմա Աստված գիտի որտեղ է, բերեցին տվեցին իրենց ծանոթ ֆիդային տղուն, կամ բանակին, որն այսպես թե այնպես պետք է միասնական հաշվառման մեջ հայտնվեն, ե՛ւ տեխնիկան, ե՛ւ մարդը»: Նա մատնացույց անելով Արեն Մկրտչյանին՝ ասաց. «List.am-ում անընդհատ հանցագործների է փնտրում, որովհետեւ այնտեղ է, ինչ գողացվում է, ինչ-որ տեղ պետք է շուկա գտնի եւ առաջարկի: Մեր ԱԱԾ-ն պետք է լավ ուսումնասիրի, ինչ ասես, այնտեղ կգտնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ