«Կպատկերացնեի՞ք, որ մի հինգ տարի առաջ մեզանում մեկն ասեր՝ Շուշին ադրբեջանական քաղաք է ու հանգիստ գնար տուն: Իսկ պատկերացնո՞ւմ եք, որ այս 30 տարվա մեջ Ադրբեջանում մեկը փորձի կեսբերան ասել՝ Ղարաբաղում, գուցե, հայեր են ապրում: «Գուցե» բառի վրա արդեն խփած կլինեին: Հիմա մեզ ի՜նչ են դարձրել, որ հիմարությունները հանդուրժվում են: Ու եթե որեւէ մեկն էլ փորձում է մի բառ հակադարձել, հարյուրներով հարձակվում են վրան:
Առաջ երբ Հայաստանից դուրս էինք գնում, ասում էին հայերը «спайка» են՝ միասնական են: Ու դա ոգեւորիչ էր: Հիմա ռուսերեն այդ բառը լսելիս պատերազմի չարաբաստիկ օրերն են աչքիդ առաջ գալիս»,- ասում է «Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր Արշակ Զաքարյանը:
Խոսելով շրջանառության մեջ դրված արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների մասին՝ բանախոսը ասաց. «Դուք պատկերացնում ե՞ք ընտրություններ շատ արագ: Ժամանակավոր կառավարություն ստեղծելուն մենք ինչո՞ւ ենք համաձայն՝ չլինելով Հայրենիքի փրկության շարժման 17 կուսակցությունների մաս: Ես համագործակցում եմ» 3-րդ ուժ» նոր նախաձեռնության հետ, որը նույնպես ժամանակավոր կառավարություն կազմել է նախատեսում: Ինչի՞ համար: Պետք է ժամանակ տրվի, որպեսզի ի հայտ գան նոր քաղաքական ուժեր: Հիմա եթե արագ գնանք ընտրության, արդեն 30 տարի գոյություն ունեցող ուժերն են նորից մասնակցելու՝ ԼՀԿ, ՆՀԿ, «Իմ քայլը» եւ այլն: Ես միշտ քաղաքականությունից հեռու եմ եղել: Վերջերս մի քիչ շփվեցի՝ իմ համար անընդունելի ոլորտ է, անընդունելի մթնոլորտ, երբ նեղ շահերից ելնելով՝ ուժերը միավորվում են, վերադասավորվում, միմյանցից հեռանում: Բայց ստիպված ես դու էլ մտնել քաղաքական դաշտ, որովհետեւ եթե դու չես զբաղվում քաղաքականությունով, քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Այս ամբողջ բեմադրությունը, ամբողջ քաոսը նրա համար է, որպեսզի նոր ուժեր, նոր լույս, նոր հույս առաջ չգան ու հներով պահեն իրար մեջ: Մենք խոսում ենք համակարգային փոփոխությունների, այլ ոչ թե անձերի մասին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ