Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահը չեն ընտրում». Վարուժան Ավետիսյան

Մարտ 16,2021 19:55

Ի թիվս այլոց ԱԺԲ հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով, 44-օրյա պատերազմը բացահայտեց մեր իրական վիճակը. «Մենք տեսանք, որ 30 տարի խաբել ենք ինքներս մեզ, տեսանք, որ չունենք լիարժեք պետություն, չունենք ժամանակակից տնտեսություն եւ բանակ: Կանգնած ենք լինել-չլինելու խնդրի առջեւ»:

Վարուժան Ավետիսյանի խոսքով, այդ խնդիրը լուծելու երկու տարբերակ ունենք. «Առաջին. մնալ ռուս-թուրքական փակուղու մեջ, կարճ ժամանակ հետո կորցնել նաեւ պետականության, տնտեսության ու բանակի մնացորդները եւ վերանալ:

Երկրորդ, դուրս գալ ռուս-թուրքական փակուղուց, ձեռք բերել գոյատեւման եւ զարգացման հնարավորություններ: Առաջին տարբերակն ընտրություն չէ, մահը չեն ընտրում: Երկրորդ տարբերակը դժվար է, վտանգավոր, պահանջում է ազգային համախմբում, քրտինք ու ջանք: Բայց դա միակ տարբերակն է, եւ մենք ընտրում ենք այդ միակ տարբերակը»:

Վարուժան Ավետիսյանի խոսքով, ռուս-թուրքական փակուղուց դուրս գալու եւ դրանից եկող մարտահրավերները չեզոքացնելու, տնտեսական, տեխնոլոգիական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է Ռուսաստանին եւ Թուրքիային գերազանցող ուժ եւ կարողություն: «Ցավոք, ներկայումս նման ուժ եւ կարողություն առայժմ չունենք, ուստի պետք է ձեռք բերենք այնպիսի դաշնակից, որն ի զորու կլինի աշխարհագրորեն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գտնվող մեր երկրի համար երաշխավորել անվտանգություն եւ զարգացում:

Այդ առումով դարձյալ ունենք երկու տարբերակ. ՆԱՏՕ եւ ԱՄՆ: ՆԱՏՕ անդամ դառնալու համար անհրաժեշտ է չունենալ տարածքային վեճեր կամ հավակնություններ, ինչպես նաեւ հարկավոր է համապատասխանել նրա ստանդարտներին: Այս երկու պայմանն էլ ժամանակի առումով մեզ համար չեն, քանի որ ունենք չլուծված հայկական հարց եւ պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրամայական: ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու համար չունենք նաեւ տնտեսական եւ տեխնոլոգիական կարողություններ:

Դարձյալ մնում է մեկ տարբերակ. առանց ՆԱՏՕ անդամակցության ԱՄՆ-ի հետ երկկողմ ռազմավարական դաշինք: ԱՄՆ օրենսդրությամբ այդպիսի դաշինքը սահմանված է հատուկ կարգավիճակով` ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից, եւ չի պարունակում նման դաշնակցին ներկայացվող որեւէ պահանջ: Մեր ընդդիմախոսները մեզ հարցնում են` իսկ մենք պե՞տք ենք արդյոք ԱՄՆ-ին, նա ուզո՞ւմ է, որ մենք դառնանք իր դաշնակիցը:

Մենք ասում ենք` նույնիսկ եթե այդ հարցի պատասխանը պարզ չէ, ուրիշ տարբերակ չունենք, ամեն կերպ պետք է հասնենք մեր նպատակին»,-համոզված է Վարուժան Ավետիսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031