Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարուհի Փոստանջյանը մատերով կրակում էր․ գուցե հետո ուրիշ բան անեն՝ պարսատիկ, հրազեն»․ Անդրանիկ Քոչարյան

Մարտ 16,2021 20:10

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2020թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին ակնարկեց, որ Բաղրամյան պողոտայում քաղաքական օրակարգ չկա, անիմաստ խոչընդոտի է իրավիճակը վերածվել, ԱԺ-ն էլ աշխատում է առանց խնդիրների․ «Գուցե առաջարկենք վրանները տանեն մեկ այլ վա՞յր։ Եթե ընդդիմադիրների նպատակը չի ստացվում, Բաղրամյան փողոցի բնակիչն ի՞նչ մեղք ունի, որ ինքը չկա քաղաքական այդ օրակարգում։ Ոստիկանության խնդիրն է նաեւ ներքին հարցերի կարգավորումը»։

Ապա` Քոչարյանը խոսեց լարվածության մթնոլորտից․ «Երեկ Զարուհի Փոստանջյանը մատերով կրակում էր։ Պատկերացրեք՝ մեկ ուրիշը մտածի, որ եթե այս գեղեցիկ կինը մատերով է կրակում, գուցե հետո ուրիշ բան անենք, պարսատիկ, հետո հրազեն․․․այսպես չի լինի։ Ռադիկալացնում են ոչ ռադիկալ միջավայրը։ Ոստիկանությունն էլ պետք է ներգրավվի այս խնդիրներում։ Սա արդեն վտանգավոր է։ Վազգեն Մանուկյանը վտանգավոր բաներ ասեց-գնաց, հիմա Փոստանջյանն ու մյուսներն են ասում»։

Արա Ֆիդանյանն արձագանքեց, որ ոստիկանությունը եւս մտահոգ է իրավիճակով, որովհետեւ նման միջոցառումները ոտնահարում են մյուս քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, իսկ Բաղրամյան պողոտայի փակ լինելու պատճառով այլ փողոցներ են գերծանրաբեռնվել․ «Այդուհանդերձ, ոստիկանությունը լուծումը տեսնում է երկխոսության մեջ»։

Անդրանիկ Քոչարյանը նաեւ դժգոհեց, որ «դագաղ պտտացնողներ» կան, որոնք երկիրը տանում են դեպի թաղման բյուրո, նկարում ՊՆ մեքենան, ուստի հակառակորդն էլ հետախուզական ծախսեր անելու կարիք չունի․ «Ակցիան չի կարելի խառնել ուրիշ բանի հետ»։ Արա Ֆիդանյանն ի պատասխան նախընտրեց անդրադառնալ զեկույցին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    պարսատիկը գէշ գաղաբար չէ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031