Երեւանի ավագանու այսօրվա նիստում միջադեպ տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ։ ԲՀԿ-ից Արմեն Ներսիսյանն իր ելույթում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ Փաշինյանը բոլորիս խաբել է․ «Ասում էր՝ առանց ժողովրդի կարծիքի չեմ գնա պայմանավորվածության, գիշերով գնաց պայմանավորվեց, կարո՞ղ է ես եմ հայրենիքս տվել ուրիշին: Ո՞նց կարելի է ապրել մի ընտանիքում, որտեղ հայրը դավաճանել է իր երեխաներին եւ ընտանիքի անդամներին, խոսքերով է դավաճանել: Ինչ լավ բան է արել, որ պաշտպանում եք, ինչ տեղ ունի պաշտպանելու»։
ԲՀԿ անդամի այս ելույթին տեղից արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. «Ձեր «իդիոտը» պաշտպանելու տեղ ունի՞, որ առաջադրել եք վարչապետի թեկնածու, հանել եք մեյդան, քաղաքական դիակին: Ես չեմ ասել, Սերժ Սարգսյանն է այդ անունը դրել»։
Իսկ Արմեն Ներսիսյանն էլ պատասխանեց, որ իր ճակատը պարզ է, հանգիստ է քնում․ «Մնում է դուք ձեր երեխաներին պատասխան տաք ձեր արած սխալների համար»:
Դահլիճում հնչած ինչ-որ ռեպլիկից հետո Արմեն Ներսիսյանը վրդովվեց, նա ամբիոնից իջավ եւ մոտեցավ դահլիճի մեջտեղի մասում նստած ավագանիներին, ու սկսվեց բղավոց, քաշքշոց սկսվեց: «Արի դուս, հլը»,- ասաց ԲՀԿ-ականներից մեկը։
Կարդացեք նաև
Քաղաքապետի հորդորներին՝ լռություն պահպանել, կարգը պահպանել, ոչ ոք չենթարկվեց։ Հայկ Մարությանը հայտարարեց. «Ոչ մեկ ոչ մի տեղ դուրս չի գալիս. 15 րոպե ընդմիջում»:
Մինչ այս ընդհարումը, «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վարդանյանը նախագիծ-ուղերձ էին ներկայացրել ավագանու նիստին՝ ՀՀ կառավարության հրաժարականի պահանջով։
Դավիթ Խաժակյանն էլ իր ելույթում ասաց, որ ՀՀ բազմաթիվ համայնքներ եւ ավագանիներ վարչապետի հրաժարականն են պահանջել, Երեւանի ավագանին էլ չպետք է անմասն մնա այդ գործընթացից․ «Մարտի 1-ին քարոզչական բնույթի այդ հանրահավաքի «Իմ քայլը» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ աջակցելով երկիրն այս վիճակին հասցրած վարչապետին։ Այդ հայտարարությամբ ավագանին հավանություն տվեց հետագա ճգնաժամի խորացմանը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ