Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ դատախազությունը՝ Թագուհի Թովմասյանի «սկանդալային» տեղեկություններին ի պատասխան

Մարտ 16,2021 19:45

Այսօր, պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ակնհայտ խեղաթյուրելով միջազգային կառույցի, նրա լիազորությունների շրջանակում կոնկրետ գործին առնչվող հանգամանքները, օգտվելով դրանց վերաբերյալ լայն հանրության չիրազեկվածությունից, «սկանդալային»-ի անվան տակ փորձել է հրամցնել իրականությունից էականորեն շեղվող տեղեկություններ, որոնք անհիմն շահարկման առարկա են դարձել նաև այլ շրջանակների կողմից։

Այդ պատճառով հարկ ենք համարում հանրությանն իրազեկել հետևյալի մասին.

1․Համաձայն Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (այսուհետ՝ Ինտերպոլ)  կանոնադրության՝ այն քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ, ինչպես շեշտադրում է, հավանաբար, դրանից անտեղյակ պատգամավորը։ Այդ կառույցը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլ չի էլ ստուգում մանրամասները։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ Ինտերպոլի կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ նրա նպատակն է ապահովել և զարգացնել փոխհամագործակցությունը քրեական ոստիկանության բոլոր մարմինների, (hաստատությունների) միջև …, որոնք արդյունավետորեն կնպաստեն քրեական հանցավորության կանխարգելմանը և դրա դեմ ուղղված պայքարի իրականացմանը:

Այլ կերպ ասած, Ինտերպոլի գործունեությունը հիմնվում է հանցավորության դեմ պայքարում տարբեր երկրների համապատասխան մարմինների փոխհամագործակցության զարգացման սկզբունքի վրա։

Նշվածն աներկբա կերպով վկայում է այն մասին, որ Ինտերպոլը չի հանդիսանում նման փոխհամագործակցության շրջանակներում ընդունված առանձին որոշումները, դրանց օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգող, մեղադրանքը հիմնավոր կամ անհիմն, քաղաքական կամ այլ կերպ անհիմն որակող մարմին։

Ընդ որում, նման դիրքորոշում Ինտերպոլի կողմից  դրսևորվում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանն առնչվող դեպքերով, որպես կանոն՝ նպատակ ունենալով ի ցույց դնել այդ կառույցի բացարձակ չեզոքությունը առանձին երկրներում նախկին կամ ներկա պաշտոնյաների կողմից պաշտոնեական հանցագործությունների մեջ մեղադրվելու  կամ պետությունների միջև կոնֆլիկտների արդյունքում անձանց հետախուզման կապակցությամբ: Բազմաթիվ են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, քաղաքական գործունեություն իրականացրած անձի կամ ազգային հողի վրա կատարված առանձին հանցագործությունների դեպքերով համագործակցությունն  Ինտերպոլի համապատասխան ստորաբաժանման փաստաթղթի հիման վրա  սահմանափակվել է: Սակայն Ինտերպոլի կողմից մշտապես ընդգծվել է, որ Կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը նմանատիպ գործերով իրականացվող քրեական վարույթի վավերականության (validity) առնչությամբ որևէ դիրքորոշում չի հայտնում և նման որոշումները հիմնված են Ինտերպոլի կանոնադրությամբ և կանոններով նախատեսված պահանջների վրա միայն և դրանց միակ հետևանքը կայանում է նրանում, որ անձի վերաբերյալ միջազգային ոստիկանական համագործակցություն իրականացնելու վերաբերյալ ներկայացված հարցումը չի կարող շրջանառության մեջ դրվել Ինտերպոլի ուղիներով:

Հետևաբար՝ նման դիրքորոշումը առաջին կամ եզակի դեպքը չէ, ինչպես հատուկ շեշտում էր պատգամավորը, թերևս փորձելով արժեք հաղորդել իր հայտնած «սենսացիային»։ Վերը նշված բաղադրիչ ունեցող բազում դեպքերով ևս  Ինտերպոլը նման դիրքորոշում հայտնել է:

Այսպիսով՝ Ինտերպոլը քրեական արդարադատության պատասխանատու կառույց չէ և Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի մեջբերմամբ նկարագրված գործի «քաղաքական հետապնդում» որակումն ակնհայտ ոչ իրավաչափ, անհիմն և խիստ սուբյեկտիվ է, ինչն ակնհայտ է կոնկրետ դեպքում՝ ցանկալին իրականության փոխարեն հրամցնելու տրամաբանությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ մեղադրյալ Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմնավորվածությունը՝ (առնվազն հիմնավոր կասկածի մակարդակում) երեք անգամ գնահատականի է արժանացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նախ՝ նախաքննական մարմնի, ապա ևս երկու անգամ պաշտպանության կողմի միջնորդությունների հիման վրա), իսկ կայացված որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգվել և հաստատվել է վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերով:

Ընդ որում, մեղադրյալ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՌԴ տարածքում հետախուզում չհայտարարելու վերաբերյալ փաստարկը բազմիցս նրա պաշտպանի կողմից ներկայացվել է ՀՀ Դատարաններին, սակայն օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերով հաստատվել է ՀՀ դատախազության դիրքորոշումն այն մասին, որ սույն փաստարկը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի օրինականությունը և հիմնավորվածությունը գնահատելու հետ:

Ելնելով վերոգրյալից հարգելի պատգամավորին հորդորում ենք պետական հաստատությունների վերաբերյալ գնահատականներում լինել կոռեկտ, կոնկրետ գործերով և անձանց նկատմամբ շարունակաբար ցուցաբերվող սուբյեկտիվ շահագրգիռ մոտեցումները չհանրայնացնել անաչառության քողածածկույթի տակ, միջագային հեղինակավոր կառույցների գործունեությունը, նրանց ձևավորած պրակտիկան դիտավորյալ կամ սեփական անտեղյակության պատճառով չենթարկել խիստ յուրով, մակերեսային մեկնաբանությունների:

Հաշվի առնելով, սակայն, նման մեթոդներով, այսպես կոչված «սենսացիաներով» պետական մարմինների գործունեությունը, կոնկրետ գործով քննության օբյեկտիվությունը հանիրավի ստվերելու փորձերը՝ հանրության պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով հայտնում ենք նաև հետևյալը:

Գևորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել այն արարքների կատարման համար, որ նա, ի պաշտոնե տեղեկանալով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ պետական իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների մանրամասների՝ ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված հանցավոր գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողների ակտիվ հանցավոր մասնակցության, նշված ստորաբաժանումների զինծառայողների կողմից ապօրինի հրազեն գործադրելու մասին, 2008 թվականի մայիսից մինչև 2009 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում դրդել է ՀՀ ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց և վարույթն իրականացնող մարմնին՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, կատարել վերը նշած հանցագործության գործիքների ու միջոցների, ինչպես նաև հանցագործության հետքերի, պարտակում, պաշտոնեական կեղծիքներ և կեղծել ապացույցներ:

Բացի այդ, նշված կեղծ տեղեկությունները եվրոպական կառույցների հետ ի պաշտոնե շփումների ընթացքում վերջիններիս տրամադրելու դիտավորությամբ՝ Գևորգ Կոստանյանը, զբաղեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը, 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, սահմանադրական կարգի տապալման առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու խմբային շահից ելնելով, 2012 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում օգտագործել է վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իր դրդմամբ կազմված և սույն քրեական գործում առկա կեղծ պաշտոնեական փաստաթղթերը, դրանց հիման վրա կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ Կառավարության դիրքորոշում և դրանք հանձնել Եվրոպական դատարանին:

Նշված հանգամանքները հիմնավորվել են մեղադրյալ Գ.Կոստանյանի հանցակիցների, ինչպես նաև ականատես այլ վկաների ցուցմունքներով, փաստաթղթերով:

Ընդ որում, այդ արարքներին առնչվող առերևույթ հանցանք կատարելու համար, որպես Գ.Կոստանյանի հանցակիցներ, մեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, որոնցից երկուսը չեն վիճարկել իրենց մեղսագրված արարքները և համաձայնություն են տվել նախաքննական մարմնին ոչ արդարացնող հիմքով՝ վաղեմության ժամկետներն անցնելու կապակցությամբ, իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Գ. Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031