Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տնտեսական աճը 2021 թ-ի ընթացքում պետք է լիներ 2 տոկոս, բայց այն կկազմի 1.4 տոկոս. ԿԲ նախագահ

Մարտ 16,2021 19:40

«Եթե նախկինում, մեր գնահատականներով, տնտեսական աճը 2021 թ-ի ընթացքում պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ այն կկազմի 1.4 տոկոս»,- այսօր Կենտրոնական բանկում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը՝ նշելով, որ արդյունաբերության, ծառայությունների եւ գյուղատնտեսության ոլորտներում թուլացում է արձանագրվել, ինչն էլ պատճառ է դարձել կանխատեսումների վերանայման: Ըստ նրա, խնդիրը հիմնականում ծագել է 2020-ի 4-րդ եռամսյակի ընթացքում եւ այս տարվա առաջին եռամսյակում:

Հիշեցնենք, 2020թ-ի սեպտեմբերին Մարտին Գալստյանը նշել էր, որ համաձայն Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ 2021 թվականին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ:

Մարտին Գալստյանը նաեւ հայտնեց, որ այսօր Կենտրոնական բանկի խորհուրդը նիստ է անցկացրել եւ որոշել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5,5 տոկոս:

«2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հիմնական գործընկեր երկրներում շարունակվում են տնտեսական ակտիվության եւ պահանջարկի միտումները, ինչը ենթադրվում է, որ կպահպանվի միջնաժամկետ հորիզոնում՝ հիմնականում պայմանավորված այդ երկրներում խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացմամբ»,-ասաց Մարտին Գալստյանը:

Ըստ նրա, համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների ազդեցությամբ, ինչպես նաև մի շարք առաջարկի գործոններով պայմանավորված, հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում դրսեւորվել են գների աճի միտումներ, ինչը նպաստում է գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձեւավորմանը. «Նման իրավիճակում Կենտրոնական բանկի խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռեւս շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031