Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ ապաստարան կա, բայց մեկ օրում սեփականաշնորհվել է նախկին պատգամավորի կողմից»․ Արմեն Խաչատրյան

Մարտ 16,2021 19:30

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2020թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանից «Իմ քայլի» որոշ պատգամավորներ հետաքրքրվեցին ապաստարանների վիճակի մասին։

«Իմ քայլից» Արմեն Խաչատրյանը նկատեց՝ ապաստարանների մի մասը որոշ եղանակներով սեփականաշնորհվել են, ինչն իրականում արգելված է իրավական ակտերով։ «Որպես օրինակ գիտեմ, որ «Նաիրիտ 2»-ի տարածքում շատ մեծ ապաստարան կա, բայց մեկ օրում սեփականաշնորհվել է անհասկանալի պայմաններում»,-հայտարարեց Արմեն Խաչատրյանը։

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նկատեց․ «Եթե այդքանը գիտեք, անունն էլ ասեք»։ Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի սեփականության տակ է տարածքը։ Իրավական գործընթաց եղել է, որն ինչ-որ տեղ կանգ է առել»։

Անդրանիկ Քոչարյանը սա «ոտից գլուխ կոռուպցիա» որակեց։ Իսկ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ճիշտ է, այս փաստին որակում չտվեց, սակայն ասաց, որ աշխատում են ապաստարանների վիճակի բարելավման ուղղությամբ։ Նա նաեւ հայտնեց, որ քաղաքացիական պաշտպանության հենակետ կա Շուռնուխ համայնքում, առաջիկայում կհիմնվեն սահմանամերձ մի շարք այլ համայնքներում եւս։

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն առաջարկեց բնակիչների կողմից սեփականաշնորհված նկուղային տարածքների, որոնք որպես ապաստարան են ծառայում, փակ դռները կոտրել։ Նախարար Փիլոյանն արձագանքեց, որ դուռ կոտրելը հարցի լուծում չէ, քաղաքացին կարող է դատական հայց ներկայացնել, ուստի այս պահին իրազեկման ու քաղաքացիական պաշտպանության վարժանքներ են իրականացնում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031