Ազգային ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի ժամանակ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը անդրադարձավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ելույթին, որ նվիրած էր Մոսկվայի պայմանագրին, եւ ասաց, որ այն մեջբերում է հատուկ պուտինյան Ռուսաստանի հետ դեռեւս հույսեր կապող մեր հայրենակիցների համար.«Ցիտում եմ` այս նշանակալի տարեդարձը, ինչպես նաեւ երկկողմ դիվանագիտական կապերի 100-ամյակը, որը նշվել է 2020թ, մենք դիտարկում ենք որպես ռուս-թուրքական գործընկերության կարևորության փոխըմբռնման պատմական վկայություն…Ահա մեր ոխերիմ դաշնակցի դեմքը»:
Վահե Գասպարյանը հավելեց. «Այսօրվա ջահերով երթով ՌԴ դեսպանությանը, Մարիա Զախարովային եւ նրա տերերին կփոխանցենք հայ ժողովրդի վերաբերմունքը այս ամենին»:
«Մեր Եռագույնը ձեզ հետ բարձրացրինք որպես առագաստ, դա է մեր փրկությունը…Մեկ, երկու, երեք տարի առաջ մենք 10-12 հոգով էինք գնում ռուսական դեսպանատան մոտ այս օրը, բայց հիմա հազարավոր մարդկանց հետ միասին ենք գնալու այնտեղ»,-ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանը` oրը որակելով պատմական:
Կարդացեք նաև
«33 տարի շարունակ տարբեր դեմքերով կուսակցապետեր, խմբակներ, գործիչներ, որոնք իրականում ոչ թե գործիչ, այլ գործիք էին` ռուսական հատուկ ծառայությունների գործիք, անում էին ամեն ինչ, որ մենք չխոսենք, չմտածենք, չհասկանանք ամենակարեւորը… Հայաստանի ապագաղութացման, Հայաստանի անկախացման, Հայաստանի ազատագրման մասին է այսօր խոսքը գնում»,-ասաց Տիգրան Խզմալյանը: Նրա ձեւակերպմամբ, իրենց ջահերով երթը լինելու է իրական լուստրացիա. «Իսկ լուստրացիա նշանակում է լույս, մենք այսօրվա ջահերով երթով լույս ենք սփռելու խավարասերների վրա, եւ իրենք փախչելու են ձեր լույսից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ