Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք տվյալներ, որ այդ անձը «քայլած» պատգամավորներից է»․ գործարար Արկադի Համբարձումյանի շահերի ներկայացուցիչ

Մարտ 16,2021 19:15

Գործարար Արկադի Համբարձումյանի («Դերժավա» ընկերությունների խմբի սեփականատեր) շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ ուշադրություն հրավիրեց իշխանության, իր բնորոշմամբ, կեղծ հայտարարությունների ու կոռուպցիոն դրսեւորումների վրա։

«Իրադարձությունները, որոնք կնկարագրեմ, դրա վառ ապացույցն են եւ դրսեւորված է կոնկրետ իշխանական խմբավորման մեջ։ Մոտ մեկ տարի առաջ Լենինգրադյան 23/7 հասցեում սկսվեց շինարարություն, մեծ փոսեր են փորվել։ Եվ հարեւանությամբ գտնվող տների բնակիչները, այդ թվում՝ հայտնի գործարարներից մեկը, փորձել են ճշտել, թե ինչ է կատարվում։ Պարզվեց, որ բարձրահարկ շենքերի շինարարության մասին է խոսքը։  Շենքն այդ տների գոյությունը դարձնում է անիմաստ։ Երբ մարդկանց թույլատրում ես առանձնատներ կառուցել, պետք է թողնես, որ հետագայում մարդիկ հանգիստ օգտվեն սեփականությունից»,-նախ հիշեցրեց Տիգրան Աթանեսյանը։

Նրա խոսքով, երբ բնակիչները փորձել են հասկանալ եղելությունը, մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, թե «նախկին ռեժիմի մարդիկ հարձակվել են հեղափոխական իշխանության վրա»։

Աթանեսյանը նման դրսեւորումը հիմարություն է համարում․ «Քաղաքապետը տալիս է շինթույլտվություն՝ շենքի հիմքի կառուցման համար։ Պետք է կառուցվեն 4 հատ 14–16 հարկանի շենքեր։ Այսինքն, հարյուրավոր բնակարաններից նայելու են ձեր առանձնատանը կատարվողին։ Նման պայմաններում կապրեի՞ք։ Թույլտվությունն ինքնին հանցակազմ է։ Փաստաթղթերն ուղարկում ենք ՀՔԾ, սակայն անգամ չեն էլ քննարկում։ Առկա է դատարանի որոշում՝ կասեցնել Արկադի Համբարձումյանի առանձնատան հարեւանությամբ ընթացող «Լույսեր» ընկերության շինարարությունը, սակայն դատարանի որոշումը չի կատարվում։ Շինարարությունն ապօրինի է, քաղաքապետը պետք է ներգործի եւ կասեցնի, սակայն չի անում։ Եթե չի անում, դրա համար կա քրեական պատասխանատվություն։ Հետո կենացները քաղցրանում են։ Տրվում է չորս շենքի կառուցման թույլտվություն, դատարանը սա էլ է կասեցնում։ Բայց շինարարն ու քաղաքապետարանն անտեսում են դատարանի որոշումը եւ շարունակում շինարարությունը։ Նման շինարարություն կարող է արվել, եթե միայն ունես բարձրագույն իշխանության հովանավորություն։ Ունենք տվյալներ, թե ով է այդ անձը, որը զբաղվում է դրանով։ Իհարկե, թույլատրելի ապացույց չունեմ, բայց փոքր երկրում ենք ապրում։ Դա «քայլած» պատգամավորներից մեկն է, որն այդ գործով է զբաղված եւ PR-ի կողմն էլ է ապահովում։ Արկադի Համբարձումյանը, ի տարբերություն շատերի, դավաճան չէ, իր համոզմունքներին հավատարիմ է եւ մնացել է ՀՀԿ-ում»։

Տիգրան Աթանեսյանը սուտ որակեց այն տեղեկությունները, թե գործարար Արկադի Համբարձումյանը փակել է բնակելի տարածքներ, փողոց, հողեր է զավթել։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031