Ազգային-ժողովրդավարական բեւեռը (ԱԺԲ )հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: ԱԺԲ նախաձեռնող խմբի անդամ Վահե Գասպարյանը հիշեցրեց, որ մարտի 16-ին «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է, կոչ արեց նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել հանուն հայրենիքի նահատակված հայորդինեի հիշատակը:
«100 տարի առաջ ճիշտ այս օրը Քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի միջեւ կնքվեց ապօրինի եւ ազգադավ Մոսկովյան պայմանագիրը, որով հիմք դրվեց ռուս-թուրքական ստատուս քվոյին մեր տարածաշրջանում, որը գործում է 100 տարի շարունակ առ այսօր…
Մեր վզին փաթաթվեց Երրորդ Հանրապետության գաղափարը եւ դրանից բխող այսպես կոչված անկախ Արցախի գաղափարը: Դրանով մենք հրաժարվեցինք Առաջին Հանրապետության իրավահաջորդությունից եւ դրանից բխող օրինական իրավունքներից ու Արցախի հարցի լուծումը տարանք Ստալինի գծած ԼՂԻՄ սահմաններով:
Կարդացեք նաև
Արդյունքում կորցրինք թե ԼՂԻՄ-ը, թե Արցախի բաղկացուցիչ մաս հանդիսացող մյուս շրջանները»,-ասաց ԱԺԲ նախաձեռնող խմբի անդամը: Բեւեռի ներկայացուցիչն ընդգծեց, որ իրենք չունեն հավերժ թշնամիներ եւ հավերժ դաշնակիցներ, քանի որ կարեւորում են հայոց շահը, որից էլ բխեցվելու են հետագա բոլոր քայլերը եւ քաղաքականությունը:
ԱԺԲ նախաձեռնող խմբի անդամը հայտնեց, որ ստեղծում են ԱԺԲ խորհուրդ, որի անդամ է ընտրվել նաեւ իրավաբան եւ փաստաբան Արթուր Այվազյանը:
ԱԺԲ խորհրդի մեկ այլ անդամ` Գարեգին Չուգասզյանը նշեց, որ այս օրերին լրանում է 1921թ մարտին Լենին-Քեմալ ռուս-թուրքական եղբայրության եւ բարեկամության պայմանագրի 100-ամյա տարելիցը: «Ըստ էության այդ պայմանագրի կնքումը հանդիսանում է 1915-23 թթ համաշխարհային պատմության մեծագույն հանցագործություններից մեկի` Հայոց Մեծ Ցեղասպանության կարեւորագույն փուլերից մեկը: Սույն պայմանագրով, որը բանակցվել է շուրջ 1 տարի տեւող Մոսկվայի ռուս-թուրքական երկու կոնֆերանսների ընթացքում, Ռուսաստանի բոլշեւիկյան կառավարության կողմից Թուրքիային նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետության օրինական տարածքի ուղիղ կեսը` ներառյալ մեր ինքնության խորհրդանիշ հանդիսացող Մասիս սարը»,-ասաց նա:
Նա ներկայացրեց, թե ինչպես է Աթաթուրքին ուղարկվել այդ ժամանակվա Թուրքիայի ռազմական բյուջեի կրկնակի չափի ֆինանսական օգնություն` ոսկով: «Զինամթերքն օգտագործվել է Հայաստանի Հանրապետության եւ Անտանտի բանակների դեմ թուրքական կողմի ձեռնարկած հարձակումների ընթացքում»,-ասաց Չուգասզյանը:
Նրա ձեւակերպմամբ, Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որեւէ պարտավորություն առաջացնել Հայաստանի Հանրապետության համար, առավել եւս որոշել հայ-թուրքական սահմանը կամ Նախիջեւանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ