Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննախադեպ քանակի աղ ու ավազ են լցրել ճանապարհներին, նախորդ տարիներին այդքան չի եղել»

Մարտ 16,2021 19:07

Երեւանի ավագանու այսօրվա հերթական նիստում «Իմ քայլը» դաշինքի ադամ Լեւոն Զաքարյանը հետաքրքրվեց գարնանն ամենաշատ հուզող հարցերից մեկի մասին՝ մայրաքաղաքի ճանապարհների ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքների։

Պարոն Զաքարյանը հարց ուղղեց՝  ասֆալտապատման եւ փոսալցման աշխատանքները  թերի  եւ վատ են կատարվել, մայրաքաղաքի փողոցներում բազմաթիվ փոսեր կան, ի՞նչ վերահսկողական աշխատանքներ են կատարվել եւ   ի՞նչ եզրահանգման են եկել, քանի որ բազմաթիվ փողոցներում մասնավոր ընկերություններն ինչ-որ աշխատանք են անում, փորում են ասֆալտը, գործն ավարտում են ու այդպես էլ քանդված թողնում։ Պարոն Զաքարյանն ասաց՝ նաեւ վատ ասֆալտապատման  պատճառով նույն տեղում փոսեր են առաջանում։

Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պետք է այս հարցին պատասխանի, սակայն նա հիվանդ է, նիստին չի մասնակցում։

Պարոն Մարությանն ինքը փորձեց հարցին պատասխանել, նշեց՝ փոսալցումները ուշանում են եղանակային պայմանների պատճառով,  ասֆալտապատում իրականացնող ընկերությունները չունեն այն անհրաժեշտ տեխնոլոգիաները, որպեսզի ցուրտ եղանակին ասֆալտ անեն, մեզ մոտ չեն էլ արտադրվում համապատասխան նյութերը։

Հաշվի առնելով 2019-ի փորձը, ինչպես քաղաքապետն ասաց,  2020-ին հանձնարարել էր,որպեսզի ուսումնասիրվի միջազգային փորձը, եթե կարիք լինի՝ գործողման կուղարկեն,  սառը ասֆալտապատման տեխնոլոգիաներին մերոնք ծանոթանան, պարզեն՝ մեր երկրում  հնարավո՞ր է դա իրականացնել եւ այլն։

«Պատերազմն ու կորոնան թույլ չտվեցին այդ հանձնարարությունն իրականացվի։ Հանձնարարել եմ այս տարի  ուսումնասիրեն եւ  առաջարկեն ասֆալտապատող ընկերություններին, որպեսզի ինչ-որ չափաքանակով կիրառվի,  չգիտեմ որքանով կգնան ընկերությունները դրան։ Կարծում եմ՝ կգանք համաձայնության»,-ասաց քաղաքապետը։ Նա հավելեց՝ լավ ու վատ ասֆալտին չի կարող գնահատական տալ,  որովհետեւ կան մասնագիտացված լաբորատորիաներ, որոնք էլ իրականացնում են  ասֆալտի որակի  ստուգումները։

Իսկ թե ովքեր են պատասխանատու, որպեսզի ասֆալտը քանդելուց հետո ստորգետնյա կամ վերգետնյա որեւէ շինաշխատանքից հետո այդ հատվածն արագ ասֆալտապատվի, քաղաքապետն  ասաց՝  քաղաքապետարանի լիազորությունը սահմանափակվում է միայն տուգանելով, բայցեւ   խնդրում, հորդորում են օրինակ՝   ՀԷՑ, Երեւան-գազ, Վեոլա եւ այլ կազմակերպություններին, որոնց  շինթույլտվություն են տալիս, փոսեր փորելուց հետո այդ հատվածն արագ վերականգնեն։

Քաղաքապետարանի շինարարության եւ  բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանն էլ պատասխանելով պարոն Հարությունյանի  հարցին, ասաց՝  այս ձմեռը շատ ցուրտ է եղել,  աննախադեպ քանակի աղ ու ավազ են  լցրել ճանապարհներին, նախորդ տարիներին այդքան չի եղել․«Նախորդ տարի էլ կարանտինային պայմանները․․․ արագ արեցինք, փոսանորոգումը չերեւաց, երթեւեկությունը դադարացված էր, այդքան դժգոհություն չկար։  Ասֆալտը որակից գցում է նաեւ անձրեւը, մտնում է  ճաքերի արանքը եւ  առաջացնում է մեծ, խորը փոսեր։ Ասֆալտի ամեն 10 հազար քառակուսի մետրից փորձանմուշ է վերցվում մեր պահանջով,   եւ տանում են լաբորատոր փորձաքննության, դա թանկ հաճույք է։ Իսկ եթե  շեղումներ  են լինում՝  երաշխիքի մեջ է, շեղումները շտկում են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031