Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ հեռացի՛րը», վարչապետն իր վրա չի վերցնում, նրա փոխարեն Օնիկ Գասպարյանը, Մովսես Հակոբյանն է հեռանում. Վարդան Բոստանջյան

Մարտ 16,2021 18:50

Նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը գտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կրի «տիեզերական պատասխանատվություն» այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ մեր երկրում: Նա այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ նաեւ տնտեսական իրավիճակին: Վարդան Բոստանջյանը համամիտ չէ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ պետք է Փաշինյանին միջանցք տրամադրել՝ թեկուզ ժամանակավոր ապաստանելու այլ երկրում:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը երեկ ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքը:

«Ասում են՝ հեռացի, ինքն էլ չի հեռանում, դա նշանակում է, որ ազգը պոտենցիալ չունի նրան հեռացնելու»,-ասաց պարոն Բոստանջյանը՝ նշելով, որ ոստիկանությունը, այլ ուժային կառույցները համալրվել են մեծ թվով աշխատակիցներով, որպեսզի նա շարունակի մնալ. «Ես կարծում եմ, որ Հայաստանը աշխարհում առաջին տեղում է մեկ անձին բաժին ընկնող ոստիկանների թվով»:

Պարոն Բոստանջյանի խոսքով, «Նիկոլ հեռացի՛րը», վարչապետն իր վրա չի վերցնում եւ նրա փոխարեն այլ մարդիկ են հեռանում. «Օնիկ Գասպարյանն է հեռանում, Մովսես Հակոբյանն է հեռանում, ԱԱԾ-ն է հեռանում: Այսինքն՝ հասարակության պահանջը կատարվում է եւ դա կարելի է շարունակել այնքան, որքան այս հասարակությունը համակերպվում է»:

Ըստ պարոն Բոստանջյանի, պատերազմը տեղի ունեցավ աշխարհաքաղաքական նպատակներով եւ Ռուսաստանը «շատ գեղեցիկ ձեւով» հայտնվեց Արցախում: Հայաստանն, ըստ Վարդան Բոստանջյանի, Ռուսաստանին առանձնապես չի հետաքրքրում՝ «Սյունիքը կատն թե չեն տա նրա պետքը չէ: Նիկոլը շատ հարմար սուբյեկտ էր այդ գործի համար իր էությամբ ու կեցվածքով: Բայց այս գործընթացը սկսվել է 90-ականներից: Համապատասխան գործակալներն աշխատելով, շարունակաբար 30 տարի այդ ամենն ընթացավ: 30 տարի հետո մեջտեղ եկան նոր ուժեր: Գործողությունը, իբր պետք է լուծումը ստանար Մինսկի խմբի շրջանակներում, բայց տեսանք՝ ինչ տեղի ունեցավ: Ընդհարման մեջ գտնվող երկու պետություններ աղերսագին խնդրեցին՝ արի տեղադրի քո խաղաղապահ զորքերը: Ռուսաստանի Դաշնությունն ի դեմս Պուտինի, քաղաքական, ոսկերչական քայլ արեց»:

Տնտեսության ներկայիս վիճակն, ըստ Վարդան Բոստանջյանի, ե՛ւ Հայաստանում ե՛ւ Արցախում առանց տեսլական է, իսկ նման իրավիճակում որեւէ մեկը ներդրում չի կատարի:

Նախկին պատգամավորը նույնպես այն կարծիքին է, որ արտահերթ ընտրությունները չեն կարող տեղի ունենալ գործող իշխանության պարագայում. «Դա բացառված է»:

Ըստ Բոստանջյանի, ցանկալի է, որ նոր լիդեր լինի, բայց այս դեպքում նորը պետք է փոխարինել ուժեղով. «Որ երկրորդ նախագահն ուժեղ մարդ է, կարող եք չկասկածել: Երբեւէ նա չի տառապել սենտիմենտալիզմով, գլուխ շոյելով եւ գործ անելով է զբաղված եղել եւ դա բոլոր ցուցանիշներով է արտահայտվում՝ ե՛ւ տնտեսական ե՛ւ սոցիալական ե՛ւ քաղաքական»:

Վարդան Բոստանջյանի կարծիքով, մենք չենք կարողացել դաստիարակել ազգային քաղաքացի, որը կարողանա հասկանալ այդ ամենը. «Այսինքն՝ մենք կարող ենք ունենալ այնպիսի մարդիկ, որոնք, ցույցի ժամանակ ասում էին՝ Շուշին մերը չէ: Այդպիսի մարդիկ պետք է թաքնվեն, որ իրենց չտեսնեն: Բայց պարզվում է, որ նրանք են մեր երկրի ճակատագիրը որոշում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031