«Պատերազմի մասնակիցների, այդ թվում կամավորների եւ պահեստազորայինների համար պատերազմը հոգեբանական խորը հետք է թողել, եւ կարեւոր է ոչ միայն սոցիալական, այլ հոգեբանական աջակցությունը։ Ի՞նչ աշխատանք է կատարվում այս առնչությամբ։ Հասկանում եմ, որ հիմա պետությունը շատ խնդիրներ ունի, բայց այս հարցը եւս կարեւոր է»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2020թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նախարարը պատասխանեց, որ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է․ «Աշխատանքները կազմակերպված են ՊՆ-ի եւ ԱԻՆ-ի գործընկերների միջոցով։ Վիրավոր, զոհված եւ անհետ կորած զինվորների ընտանիքներին տրամադրվում է հոգեբանական աջակցություն, եթե դրա կարիքը կա։ Իրականացնողն ԱԻՆ-ն է, դա մեր գերատեսչության տիրույթում չէ»։
Անի Սամսոնյանն արձագանքեց՝ զարմանալի է, որ պատասխանատու մարմինն ԱԻՆ-ն է․ «Տրամաբանական է, որ սա լիներ ձեր տիրույթում, որպեսզի համախմբվեին սոցիալական աշխատողները, հոգեբանները, մշակեին մեթոդական ցուցումներ։ Այդ դեպքում ինչո՞ւ մարդիկ իրազեկված չեն։ Շատերը չգիտեն, որ նման բան կա։ Գուցե իրազեկման աշխատա՞նքն է վատ կատարվում»։
Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց․ «Կարեւոր չի, որ թե նախարարությունն է իրականացնում։ Եթե իրազեկման լրացուցիչ կարիք կա, կփոխանցեմ ԱԻՆ-ին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ