Սույն թվականի մարտի 15–ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից սոցիալական, առողջապահական և ենթակառուցվածքների ոլորտի հրատապ կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված դրամական միջոցների, ինչպես նաև Արցախի 2021թ. վերակառուցման ծրագրերի հարցերը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Քննարկված առաջին հարցի վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որից հետո ծավալվեց կառուցողական քննարկում: Այս հարցի վերաբերյալ խորհուրդն ընդունեց հայտարարության տեքստ, որը հանրայնացվել է Խորհրդի նիստի ավարտից հետո:
Արցախում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, որը ներկայացրեց արդեն կատարված աշխատանքները, ինչպես նաև արցախահայության հրատապ կարիքները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց սոցիալական, կրթական, բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք քայլեր, որոնց նպատակն է Արցախի բնակչության առկա կարիքների բավարարումը և տեղահանվածների սոցիալական ու բնակարանային հարցի լուծումը: Որոշում կայացվեց ծրագրերի առավել մանրամասն նկարագրությունները փոխանցել հոգաբարձուների խորհրդի դիտարկմանը և մոտ ապագայում հաստատել Արցախի վերաշինման ծրագրային ուղղությունները:
Նիստի ավարտին հոգաբարձուները կրկին շնորհակալություն հայտնեցին ավելի քան 750 հազար նվիրատու անձանց և կազմակերպություններին, որոնք շարունակական նվիրվածությամբ մասնակցում են հանգանակություններին և իրենց մշտական ներդրումն ունեն Հայաստանի և Արցախի զարգացման գործում:
Կարդացեք նաև
***
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ