«Նախորդ տարի խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը։ Պետբյուջեից 60 միլիոն դրամ տրամադրվեց, որ դատախազի տեղակալի նոր հաստիք բացվի, նոր շենք եւ մեքենաներ տրամադրվեն։ Այսինքն, արվեց ամեն ինչ, որ թալանը հետ բերվի բյուջե, ինչին բոլորն այդքան սպասում են։ Զեկույցում ասված է, որ դատախազության համապատասխան ստորաբաժանումը սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ստացել է 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ հնարավոր ապօրինի ծագման գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ, սակայն ուսումնասիրություններ են կատարվում 214-ին պատկանող գույքի առնչությամբ։ Այս վեց ամսում ի՞նչ շոշափելի արդյունքներ կան ապօրինի ծագման գույքի բռնագանձման հետ կապված»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2020թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը։
Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ նման գործերը լայնածավալ ուսումնասիրություններ են պահանջում․ «Ես հաջող արդյունք կհամարեմ, երբ կլինի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ապօրինի գույքի բռնագանձման դեպք։ Առաջին հայցերի ներկայացումն իրատեսական է այս տարվա առաջին եռամսյակում, ուստի հաջող արդյունք այս պահին հնարավոր չէ ակնկալել։ Ինչ վերաբերում է կոնկրետ տեղեկություններին, ապա ասեմ, որ ուսումնասիրությունը գաղտնի է մինչեւ դատական հայց հարուցելու փուլը։ Գտնում եմ, որ հաջորդ եռամսյակում հայցերի թիվը կավելանա։ Ձեր նշած ծախսերը պետք է արվեին, որպեսզի ակնկալենք հաջող արդյունք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ