Լրահոս
Օրվա լրահոսը

«Արման Դիլանյանն իրավունք չուներ զբաղեցնելու այդ պաշտոնը, առավել ևս ինձ վերաբերող որոշում կայացնել». Էդգար Ղազարյանը՝ ընդդեմ ՍԴ նախագահի

Մարտ 16,2021 17:09

«Սահմանադրական փոփոխություններից հետո Արման Դիլանյանն այլևս ոչ լեգիտիմ դատավոր է ՍԴ-ում»,- դատական նիստերի դահլիճում հայտարարեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նշենք, որ նա ՀՀ վարչական դատարանում (նախագահող դատավոր Արթուր Ավագյան) վիճարկում է Արման Դիլանյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնավարման լեգիտիմությունը: Որպես դրա հետևանք՝ նաև վիճարկում է Արման Դիլանյանի կողմից ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշման օրինականությունը։

Նիստի մեկնարկին Արթուր Ավագյանը հայտնեց, որ ընկերական հարաբերություններ ունի ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հետ:

Էդգար Ղազարյանն արձագանքեց. «Մենք տեղյակ չենք Ձեր անձնական կապերից, փոխհարաբերություններից և այս պահին որևէ հիմք չունենք Ձեր ազնվությունը դնել կասկածի տակ»:

Էդգար Ղազարյանը հայտարարեց. «Մեր կարծիքով՝ Արման Դիլանյանն իրավունք չուներ զբաղեցնելու այդ պաշտոնը, հետևաբար կայացնել որևէ որոշում, առավել ևս՝ ինձ վերաբերող որևէ որոշում: Անգամ այն պարագայում, եթե նրա պաշտոնն օրինական լինի, նույնպես նրա գործողությունները կոնկրետ մեր մասով եղել են օրենսդրությանը հակասող: Պարոն Դիլանյանը ՍԴ նախագահի պաշտոնում հայտնվել է ԱԺ կողմից իրականացված՝ Սահմանադրությանը հակասող հակաօրինական որոշումների և փոփոխության հետևանքով: Յոթերորդ գումարման ԱԺ-ի կողմից 2020-ի մայիսին փոփոխություն է իրականացվել ՀՀ Սահմանադրության մեջ, ինչի հետևանքով Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը դադարեցվել է: Իսկ նա եղել է այն պաշտոնյան, որն ինձ ընդունել է աշխատանքի: Այդ փոփոխություններն ԱԺ-ն անելու իրավունք չուներ: Այն հոդվածով են արել փոփոխությունները, որ այլևս կորցրել էր իրավական ուժը. այդ նորմը գոյություն չուներ: ԱԺ-ն փոփոխություն է կատարել գոյություն չունեցող նորմով»:

Նախագահող դատավորն արձանագրեց՝ ըստ էության, ասում եք, որ ՍԴ գործող նախագահը ոչ իրավասու մարմին է, քանի որ հիմքերը իրավաչափ չեն իր՝ ՍԴ նախագահ դառնալու: Այնուհետև հարցրեց՝ այդ փաստարկն արդյոք ընդունված կարգադրությունը անվավեր ճանաչելո՞ւ, թե՞ առոչինչ ճանաչելու հիմք է: Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Առկա է առոչնչության հիմք, ի սկզբանե այդ ակտը կայացման պահից առոչինչ է եղել»:

Նախագահող դատավորը նշեց՝ սույն գործով հայցի առարկայի հստակեցման անհրաժեշտություն կա: Դատարանն առաջարկեց սույն գործով ևս մեկ դատական նիստ հրավիրել:

Պաշտպանական կողմը պնդեց ՝գոյություն չունի նման որոշում, որով կատարվել է նման փոփոխություն. տեղի է ունեցել ՍԴ նախագահի ընտրություն, բայց չի կազմվել որոշում, որը հնարավոր կլինի բողոքարկել, վիճարկել կամ առոչնչություն ճանաչել:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը, անդրադառնալով Էդգար Ղազարյանի գնահատականներին, ասաց. «Պարոն Ղազարյանն իրավաբան չէ, և իմ փորձը ցույց է տալիս, որ իրավաբանության հետ կապված հարցերում ինքը լավ չի կողմնորոշվում, հետևաբար խորհուրդ կտամ, որ ձեռնպահ մնա որևէ հակաօրինական գնահատականներ տալուց ՍԴ նախագահի որոշումներին, քանի որ ՍԴ նախագահը կայացնում է որոշումներ՝ ելնելով ՍԴ մասին օրենքից և աշխատակարգից: Հայտարարել, որ ՍԴ նախագահի կայացրած ակտերը, հրամանները, որոշումներն անօրինական են, առավել ևս պարոն Ղազարյանի կողմից, կարծում եմ՝ անհիմն են»:

Պաշտպանական կողմն արձագանքեց՝ գործի քննության ընթացքում պարոն Առաքելյանն իրավունք ունի դիրքորոշում, առաջարկ, առարկություն, փաստարկ ներկայացնել, «բայց խորհուրդ տալը դուրս է վարչական դատարանում դատավարության կողմի իրավունքների շրջանակներից»:

Սամվել Առաքելյանը պնդեց՝ հայցն ակնհայտ անհիմն է, ուստի որևէ հստակեցման անհրաժեշտություն չկա: Ըստ նրա՝ կարելի է այս նախնական դատական նիստով սահմանափակվել:

Նախագահող դատավորի կարծիքով՝ մեկ այլ նախնական դատական նիստ նշանակելու անհրաժեշտություն կա: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ ժամը 10:30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031