Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի 2020 թվականի բյուջեն թերակատարվել է․քաղաքային իշխանությունը պատճառաբանում է՝ համավարակ եւ պատերազմ է եղել

Մարտ 16,2021 16:46

«Երեւանի բյուջեի կատարողականը Երեւանի աշխատակազմի մասով 58.2% է, խնդրում եմ Կիկոսի մահը չսարքել՝ եթե չլիներ սա, չէր լինի այն եւ այլն»,-այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը՝ Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշման զեկույցից հետո։

Նա ասաց, որ իրեն այսօր առավոտյան լրագրող է զանգել եւ ասել՝ քաղաքապետարանից ասել են, որ գնումների գործընթացներն երբեմն տապալվում են, գնումները ճիշտ չեն ընթանում, դրա համար կատարողականը ցածր է․«Ուրեմն 2,5 տարվա ընթացքում ամեն ինչ ներկայացվում է տնտեսման տակ, չարված աշխատանքները քաղաքապետարանը ներկայացնում որպես տնտեսում։ Դա մեղք է, մի ասեք տնտեսում, որովհետեւ տնտեսում չէ: Եթե չենք արել երկու հարյուր մետր ասֆալտ, դա չի նշանակում, որ մյուս տարի չորս հարյուր մետր չենք անելու։ Եթե բյուջեի գումարները մնում են, նշանակում է՝ քաղաքային իշխանությունը տապալել է իր աշխատանքը։ Վարչական շրջանների ցուցանիշն այդքան ցածր չէ, որքան քաղաքապետարանինը։ Աղբը հավաքել եք, մի քանի գազել եք բերել։ Ուրի՞շ»։

Փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը պարզաբանեց՝ առողջապահության ծրագրերը գումարային առումով, ցուցանիշներն ամբողջությամբ արվել են։ Իսկ ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի ներկայացրած այն ցուցանիշների առնչությամբ, որ առողջապահության ոլորտում խիստ թերակատարում է եղել՝ ասաց. «Ես փնտրեցի՝ չգտա այդ ցուցանիշը, տիկին Առաքելյան։ Չի եղել նման բան, որ Երեւան համայնքը սեփական եկամուտների կատարման մասով ունենա 58% կատարողական, եղել է 87%: Իսկ 63.5% կատարողականի մասով մանրամասն ներկայացրել եմ, մեր ցուցանիշը 74% է դառնում՝ դա վերաբերում է ինքնակամ շինություններին: Երկու կատարողական ակտերն էլ՝ վերելակներն եւ ավտոբուների ձեռքբերումն են»։

Երեւանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լեւոն Հովհաննիսյանն էլ անդրադառնալով մեղադրանքներին, ասաց՝ 2020 թվականին երկու խոշոր մրցույթ է եղել, որոնք պետք է իրականանային՝ տրանսպորտային համակարգի արդիականացման մասով 1,8 միլիարդ դրամ, որից վճարվել է 400 միլիոն դրամը, վերելակների մասով՝ 5,2 միլիարդ դրամի գնում, վճարվել է 2,6 միլիարդը․ «Այս երկու հոդվածով մենք 5 միլիարդ քիչ ենք ծախսել եւ այդ գումարները փոխանցել ենք այս տարվա սկիզբ, վերելակներն՝ այս տարվա սկիզբ, ավտոբուսները մեկ ամսվա ընթացքում վճարելու ենք։ Եթե այս 5 միլիարդը գումարում ենք 63% -ին, կատարողականը 70% է դառնում։ Անցյալ տարի գործում էին սահմանափակումներ, այդ թվում՝ տեղաշարժի, որը գործել է նաեւ տնտեսավարողների համար, որոնք պետք է մրցույթներին մասնակցեին, գային՝ աշխատանք կատարեին։ Այդ տնտեսվարողներն իրենք էլ են իրենց ռեսուրսները պատերազմի դաշտ ուղղել․ նույնը արել է համայնքն ու ՀՈԱԿ-ներն իրենց մարդկային եւ տեխնիկական ռեսուրսով»։

Իսկ քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց՝ կորոնավիրուսի համավարակը վնասներ է հասցրել նույնիսկ խոշոր եւ զարգացած տնտեսություններին, ու թվարկեց երկրները՝ ԱՄՆ, Չինաստան, ԵՄ երկրներ, ՌԴ եւ այլն։

«300 միլիոնի դրամի անցումների համար մրցույթներ են եղել, չեն եկել, չեն մասնակցել, մարդը գիտի, որ գա մասնակցի, հաղթի, սահմանափակումների վիճակում չի կարողանալու կատարել աշխատանքներն եւ ընկնելու է սեւ ցուցակ։ Կորոնավիրուսը լուրջ խոչընդոտ էր, հետո եկավ արհավիրքը՝ պատերազմը, բոլոր շինարարական ընկերությունների մարդկային ռեսուրսն ուղղվեց մոբ, տեխնիկան՝ ռազմաճակատ, կանգնեցին բոլոր աշխատանքները։ Այս պարագայում ասել, որ ամեն ինչ չի կարելի գցել կորոնավիրուսի ու պատերազմի վրա․․․ ոչ ոք չի ուզում գցել, եղելությունն ենք արձանագրել։ Դե ֆակտո կատարված աշխատանքները՝ վերելակներն ու ավտոբուսներն են, որ եկել են, երեւանցին դա տեսել է։ Այդ իրավիճակում 70.4% էլ կատարողական է, այս իրավիճակում համարում եմ լավ ցուցանիշ։ Հավաքագրումներն էլ եմ համարում լավ՝ 91% է»։

Հայկ Մարությանն ասաց, որ այս հավաքագրումները շնորհիվ վարչական շրջանների են եղել եւ քաղաքապետարանի աշխատակազմի։ Նա նաեւ շնորհակալություն հայտնեց երեւանցիներին, որոնք, ըստ քաղաքապետի, կատարել են վճարումները, հասկանալով՝ այդ գումարները ստեղծված իրավիճակում պետությանը անհրաժեշտ են։

Անդրադառնալով կամուրջի եւ էստակադայի կառուցման հետաձգմանը, քաղաքապետն ասաց, որ իսպանական կառուցապատող ընկերությունը ամիսներով չէր կարողանում բերել աշխատակիցներին, նյութերը՝ նույնպես։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանում, ըստ քաղաքապետի, քաղաքապետարանի տարբեր վարչությունների աշխատակիցները լծված էին տարբեր աշխատանքներին․ «Աշխատանքային խմբեր էին ստեղծել, որոնք քաղաքում «պատրուլ» էին անում, մտնում բնակարաններ, օգնում մարդկանց, նրանց հիվանդանոց տանում, եւ այլն։ Նրանք վեց ամիս պարգեւավճար չեն ստացել, ու աշխատել են։»։

Որոշումն ի վերջո ընդունվեց 37 կողմ, 5 դեմ եւ 2 ձեռնպահ քվեարկությամբ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031