Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Մարտի 1-ի գործով հրապարակված փաստաթղթին։
Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն ու դատախազությունը հետախուզում էին հայտարարել Մարտի 1-ի գործով անցնող Գեւորգ Կոստանյանի նկատմամբ, որը նախկին գլխավոր դատախազն է: Սակայն միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանության Ինտերպոլի փաստաթղթից պարզ է դառնում, որ ՀՀ դատախազությանը մերժել են հետախուզել Կոստանյանին:
Փաստաթղթում նշված է. «Գլխավոր քարտուղարությունը վկայակոչում է ներքոհիշյալ հաղորդագրությունը՝ Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ, իրավաբանական փորձաքննությունից հետո գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին»: Իսկ այդ երրորդ հոդվածում ասվում է՝ «Կազմակերպությանը արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասայական բնույթի որեւէ միջամտություն»: Այսինքն, Գեւորգ Կոստանյանի գործը համարել է քաղաքական ու հետախուզում չի սկսել:
Արա Ֆիդանյանը ասաց, որ ծանոթ չէ փաստաթղթին, և ոստիկանությունը բավականին թվով հայցեր է ներկայացրել Ինտերպոլին․ «Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածով տրված է, որ Ինտերպոլը որևէ գործունեություն չի ծավալում քաղաքական, ռազմական, կրոնական, սեռական բնույթի հանցագործություններով։ Եվ նաև մեր պատմության մեջ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումներ եղել են նախկինում տվյալ հիմնավորմամբ»։
Կարդացեք նաև
Սակայն, նա չկարողացավ կոնկրետ գործեր մտաբերել և լրագրողներին խնդրեց գրավոր դիմել․ «Երբ որ ուղարկվում է հայցադիմումը, մենք չենք ուսումնասիրում մեղադրանքները։ Մենք ուսումնասիրում ենք փաստաթղթերի ամբողջականությունը և դրանց համապատասխանելիությունը Ինտերպոլի փաստաթղթերի տրամադրման կանոններին։ Եթե մեղադրանքը այնտեղ կա, եթե հետախուզումը հայտարարելու վերաբերյալ որոշումը կա և այդ ամբողջ փաստաթղթերը համապատասխանում են, հետևաբար՝ մենք ներկայացնում ենք»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ