Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին լրագրողները ճեպազրույցի ժամանակ հարցրեցին՝ Տիրան Խաչատրյանը գնո՞ւմ է աշխատանքի, թե՞ ոչ, իր փաստաբանն ասում է, որ գնում է: Քոչարյանը պատասխանեց, որ դա ընթացակարգ է, երեկ է ՊՆ նախարարը հրաման ստորագրել, որով Տիրան Խաչատրյանն արդեն գտնվում է կադրերի ռեզերվում, ծառայողական մեքենան էլ պետք է հանձնի:
Խոսելով «Նեմեսիսի» մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Պարզվում է, Նեմեսիսն այսօր էլ գոյություն ունի: Գնացեք ՀՅԴ-ին հարցրեք՝ Նեմեսիսի դերակատարումն այսօր ակտուա՞լ է, թե՞ ոչ: Երբ որ գոռում են դավաճան, ըստ այդ տրամաբանության, պետք է լիկվիդացնեն Նեմեսիսի հարվածային ուժերը: «Դրո» կառույցը բացահայտվեց, դրանից առաջ «Վահան Հովհաննիսյանի եւ 31-ի գործը» եղավ: Հիմա էլ Թեհլերյանի 100-ամյակի կապակցությամբ քաղաքական դաշտում գործող կինը՝ Զարուհի Փոստանջյանը, մատներով սկսեց կրակել: Հիմա ես Նեմեսիսին կառաջարկեի փնտրեն իրական դավաճաններին, իսկ իրական դավաճաններ նաեւ այնպիսի հարթակներում կգտնեն, որոնք ուղղորդվում են այլ երկրներից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ