«Այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ԲԿ-ներ ենք վերապրոֆիլավորում, իսկ որոշ ԲԿ-ներում՝ բաժանմունքներ։ Ընթացքում մեծացնում ենք մահճակալային ֆոնդը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ հնարավորություն կա մոտ 2500 մահճակալ ավելացնելու, զուգահեռ՝ թթվածնային ապահովման հետ կապված աշխատանքներ են կատարվել․ «Այս պահին չունենք քաղաքացիներ, որոնք բուժօգնություն ստանալու խնդիր ունեն։ Միաժամանակ, պետք է ամեն ինչ անել, որ վարակման թվերը կառավարելի լինեն։ Վերահսկողությունն ավելացել է, եւ վերջին շաբաթում դիմակների կրման ռեժիմն ամրապնդվել է»։
Ինչ վերաբերում է կրթական հաստատություններում առցանց դասապրոցեսի անցնելու մասին տեղեկություններին, Անահիտ Ավանեսյանը նշեց․ «Այս պահին լրացուցիչ սահմանափակումների մասին քննարկումներ չկան։ Քաղաքականությունն ուղղված է առկա սահմանափակումները ճիշտ կերպով իրագործելուն։ Այն դպրոցները, որոնցում կա բռնկում, թվերի աճ, դրանք անցնում են առցանց ռեժիմի։ Որպեսզի ողջ դասապրոցեսը չխաթարվի, նման մեթոդները թույլ են տալիս վերահսկել իրավիճակը։ Մյուս դպրոցներում եթե իրավիճակը նորմալ է, չկան նման սահմանափակումներ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ