Այսօր Թագուհի Թովմասյանը Մարտի 1-ի գործով աղմկահարույց փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որոնց` Գեւորգ Կոստանյանի մասով Ինտերպոլը մերժել է հետախուզում հայտարարել՝ համարելով դա քաղաքական հետապնդում: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ դա իր համար անակնկալ էր, տեղյակ չի եղել:
Խոսելով Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ շուտով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացության զեկույցով հանդես կգա. «Ես կարծում եմ, որ վարչապետը այս պահին ներկայացրել է ԳՇ պետի թեկնածուին, որն ունի ԳՇ կառավարման փորձ, եղել է օպերատիվ վարչության պետը: Եթե նայենք կադրային պոտենցիալը, Արտակ Դավթյանը դուրս է եկել ԳՇ-ից: Մյուս տեղակալը՝ Տիրան Խաչատրյանը դուրս է եկել: Բարձրագույն սպայակազմի դասակարգման մեջ վարչապետը կատարել է այս պահի համար շատ տրամաբանական լուծում»:
Հարցին՝ Արտակ Դավթյանը հայտարարել է, որ ԳՇ հայտարարությունը քաղաքական չէ, այդ դեպքում ինչո՞վ է այդ նշանակումը տարբերվում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես կարդացել եմ, որ Արտակ Դավթյանն այդ հայտարարությունից հետո ունեցել է այլ տեսակետ՝ պաշտոնը ստանալուց առաջ»:
Լրագրողները հիշեցրին՝ ամիսներ առաջ այստեղ ասացիք, որ Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարում է ունեցել 2016-ի ապրիլյան պատերազմում, ձեր տեսակետը փոխվե՞լ է՝ Քոչարյանը պատասխանեց, որ ԶՈՒ պատասխանատուն եղել է Յուրի Խաչատուրովը. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը չի կարող կես ժամից ավելի մնա թափուր»:
Կարդացեք նաև
Այսօր հանձնաժողովի նիստում Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ տելեգրամյան ալիքի՝ «Դեժավյուի» հրապարակումներին:
Լրագրողները հարցրեցին՝ ձեր որդուն առնչվող տեղեկություն այնտեղ կար, նշվում էր, որ հենց դրա պատճառով է, որ Դավիթ Տոնոյանի հետ ձեր հարաբերությունները լարվեցին, հիմա ձեր հրետանավոր որդու համար որեւէ խնդրանքով պատերազմի ժամանակահատվածում դիմե՞լ եք՝ Անդրանիկ Քոչարյանը, նույնիսկ հարցը չավարտած՝ սկսեց բղավել. «Ուշադի՛ր լսիր: Իմ որդին անցել է պատերազմի ամենաթեժ կետից՝ 17 օր Ֆիզուլի եւ Շուշիով ավարտել է: Այն, ինչ-որ դուք հնչեցրեցիք, գնացեք ձեր տիրոջ երեխաների մասին խոսեք: Գնացեք դեժավյուներին հարցրեք: Իմ տղան 44 օր պատերազմ է անցել: Ես հիմա ֆեյքերին հոսանքազրկում եմ, դուք հիմա հոսանքազրկված եք, գնացեք, էլ չկաք: Բոլոր մունդռիկները, դեժավյուների մասին է խոսքը, բոլորը հոսանքազրկված են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ