Մարտի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին:
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Նազելի Բաղդասարյանի հերթական այցը Արցախ, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացումը: Խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ անհայտ կորած անձանց մասին ԱՀ և ՀՀ օրենքները պետք է լինեն նույնական:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ողջունելով ԱԺ պետական- իրավական մշտական հանձնաժողովի անդամներին և պատգամավորներին ՝ Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի նպատակահարմարությանը և ընդունման անհրաժեշտությանը: Պատգամավորը նշել է, որ օրենքի ընդունմամբ կկարողանան լուծել տարբեր գերատեսչություններում առաջացած խնդիրները: «Խաղաղության կնքումից ի վեր առաջացել են հարցեր, որոնց բախվում ենք ամեն օր: Դրանք վերաբերում են անհայտ կորած անձանց կարգավիճակին, նրանց հարազատների սոցիալական երաշխիքներին: Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի անհրաժեշտություն իրապես ունենք: Լիահույս եմ, որ համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցվի անհայտ կորած անձանց կարգավիճակային հարցը»,- իր խոսքում նշել է Նազելի Բաղդասարյանը:
Պատգամավորը հայտնել է նաև, որ նախագիծը մշակվել էր դեռևս 2006 թվականին, սակայն հարցի քննարկումը հետագա տարիներին որոշ գերատեսչություններ համարել են ժամանակավրեպ:
Կարդացեք նաև
Նազելի Բաղդասարյանը պատասխանել է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակին առնչվող հարցերին և վստահեցրել, որ պատգամավորների առաջարկների շուրջ, անշուշտ, քննարկումներ կծավալեն:
Երկուստեք կարևորվել են նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել,որ դրանք կլինեն շարունակական:
Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահը, խորհրդարանականներ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողով