Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը աղմկահարույց փաստաթղթեր հրապարակեց, ըստ որոնց պարզվում է, որ Մարտի 1-ի գործով անցնող Գեւորգ Կոստանյանի նկատմամբ միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը մերժել է հետախուզումը՝ համարելով այն քաղաքական հետապնդում:
Թովմասյանն ասաց, որ ուրիշ փաստաթղթեր էլ ունի, որոնք կհրապարակի առաջիկայում:
Պատգամավորն ասաց, որ ուղղակի աբսուրդ կլինի, եթե իշխանականները փորձեն կասկածի տակ դնել այդ փաստաթղթերի հավաստիությունը:
Ըստ Թագուհի Թովմասյանի, եթե վարչապետին էլ սխալ տեղեկատվություն են տվել, ստել են, այդ մարդիկ՝ դատախազը եւ ՀՔԾ պետը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է Արթուր Դավթյանը իր նախկին կապերն օգտագործելով՝ Ինտերպոլին ամբողջ գործն, ըստ էության, իրավական հարթության մեջ չներկայացնի՝ իմանալով, թե ինչ է լինելու հետեւանքը, այսինքն՝ պաշտպանի նախկիններին՝ Թովմասյանը պատասխանեց. «Եթե փաստաթղթի մեջ սխալ բան են գրել, ուրեմն մի հոդված էլ ավելացավ: Ես չգիտեմ՝ վարչապետին զեկուցվե՞լ է, թե՞ ոչ, որովհետեւ վարչապետը իր հրապարակային ելույթներում ասում է՝ դե մարդիկ փախել են քննությունից, դրա համար գործը չի բացահայտվում: Հիմա ստացվում է՝ մարդիկ ոչ թե փախել են, այլ մարդկանց մերժել են վերադարձնել Հայաստան: Սա չեք պատկերացնի ինչ մեծ հարված է, իրավական դաշտում մենք այսպիսի բան չենք ունեցել: Սա շառաչուն ապտակ է»:
Պատգամավորն ասաց, որ հետեւողական է լինելու. «Պիտի պատասխան տան մեր երկրին այսպիսի ապտակ հասցնողները»:
Հարցին՝ սրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործից լրիվ «մաքրվում» է՝ Թովմասյանը պատասխանեց, որ ստացվում է, որ Կոստանյանը, որը հայտարարում էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում են անում, լրիվ ճիշտ էր. «Կոստանյանի նկատմամբ հիմնավոր կասկածները չեն ապացուցվում»:
Նա ասաց, որ Ինտերպոլը լուրջ կազմակերպություն է ու երբեք առանց մանրամասն գործին տեղյակ լինելու այսպիսի կոշտ ձեւակերպումներով հանդես չէր գա:
Թովմասյանը տեղեկություն ունի, որ իր նկատմամբ ինչ-որ գործեր են նախապատրաստում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ