«Հանրությունն առանց այդ էլ հոգնած է փոխադարձ մեղադրանքներից, նման արտահայտություններից՝ «դավաճան», «ոչ դավաճան», «ապաստան», «անվտանգության խնդիր»․․․կարծում եմ՝ ամեն մեկը պետք է կենտրոնանա եւ մտածի իր քաղաքական վարկանիշի մասին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը՝ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր․ «Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում»։
Ռուստամ Բադասյանի խոսքով․ «Նման արտահայտությունները կամ նման անբովանդակ առաջարկները չեն նպաստելու քաղաքական վարկանիշի բարձրացմանը։ Կարծում եմ՝ վերջին հետազոտության արդյունքները խոսուն են, թե ով որքան քաղաքական վարկանիշ ունի եւ ինչ ակնկալիքներ կարող է ունենալ արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Սրանք քաղաքական բնույթի հայտարարություններ են, որոնց բովանդակային քննարկումը բացառված է, լուրջ չի։ Կրկին պետք է խոսել գաղափարների, առաջարկների մասին։ Հանրությունը հոգնել է նման տեսակի մեղադրանքներից»։
Հարցադրմանն ի պատասխան, որ Նիկոլ Փաշինյանի համար ՀՀ-ում մնալն անվտանգության խնդիր չունի՞, Բադասյանն ասաց, որ որեւէ քաղաքացու համար առհասարակ անվտանգության խնդիր չի տեսնում։ Իսկ թե այդ դեպքում ինչու է վարչապետը մեծաքանակ ոստիկաններով շրջում, նախարարը նշեց․ «Նա ունի անվտանգություն, սենսացիա մի փնտրեք։ Ոչ, ես չեմ տեսել, որ նա շրջի բազմահազարանոց ոստիկաններով»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ