Ասում է աշխարհահռչակ ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը
Grammophone Award, Diapason d՛or եւ այլ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, անվանի ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը (Գերմանիա) հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ: Իզաբել Ֆաուստն ամուր բարեկամական կապերով է կապված Հայաստանի եւ, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարած, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ:
Սա նրա երրորդ համագործակցությունն է նվագախմբի հետ: Առաջին անգամ Ֆաուստը ելույթ է ունեցել Հայաստանում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգին (սեպտեմբեր 11, 2013թ.)՝ կատարելով Մոցարտի Ջութակի թիվ 1 եւ 4 կոնցերտները: Երկրորդ ելույթը եղել է Ֆինլանդիայի «Տամպերե» համերգասրահում, որը սկանդինավյան երկրների ամենախոշոր համերգային կենտրոնն է:
Այդ համերգով Ֆիլհարմոնիկը բացեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային մեծ շրջագայությունը (11 ապրիլ, 2015), համերգին Ֆաուստը կատարեց Շիմանովսկու Ջութակի կոնցերտը: Երկու համերգներն էլ անցել են Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Կարդացեք նաև
Շուրջ երկու ամիս առաջ, երեւանյան համերգից հետո, որտեղ ջութակահարուհին հանդես եկավ կամերային ծրագրով, «Առավոտի» հարցին ի պատասխան ասել է. «Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում սիրտը բաբախում էր բոլոր հայերի համար…»:
Հեղինակավոր պարբերականներից մեկը Իզաբել Ֆաուստի կատարողական արվեստի մասին գրել է. «Որպեսզի ամբողջությամբ գնահատեք նրա կատարման նրբագեղ մեղմությունը, հստակությունը՝ միահյուսված փխրուն նրբազգացության հետ, ապա պետք է լսել Ֆաուստի կենդանի կատարումը» (Զաքարի Լյուիս, cleveland.com, փետրվար 2020):
Այսպիսով, բացառիկ հնարավորություն ունենք մարտի 16-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Իզաբել Ֆաուստի կատարմամբ ունկնդրելու Բեթհովենի ջութակի կոնցերտը: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ֆաուստը նվագում է յուրահատուկ հնչողություն ունեցող Ստրադիվարիուսի 1704թ.-ին ստեղծած «Քնած գեղեցկուհի» ջութակով:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.03.2021
Եթե, իրոք, սիրտդ բաբախում էր, հաջորդ անգամ մի որևէ հայկական գործ կատարիր՝ լսենք բաբախոցը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան