Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց է տեղի ունենում Երեւանում: Փակ է Սայաթ Նովա փողոցը: Նալբանդյան-Աբովյան փողոցների խաչմերուկի մեջտեղում քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Բողոքի գործողությունների կազմակերպիչը «Ազատագրում» նախաձեռնությունն է:
«Մենք էլ չենք կարող ապրել մի երկրում, որտեղ վարչապետը դավաճան է եւ մեր հողերը ծախում է: Մեր նպատակն է, որ վարչապետը հրաժարական տա, նոր ընտրություններ լինեն: Մենք ուզում ենք մեր ժողովուրդը նորմալ երկրում ապրի »,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատություն» շարժման ակտիվիստներից մեկը:
«Ազատագրում շարժումը կուսակցական շարժում չէ, մենք ցույց ենք տալիս, որ չենք պատրաստվում հանդուրժել այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Մենք շատ աջակիցներ ունենք, ապացուցում ենք, որ պատրաստ ենք գործել, եւ ինչքան շատ մարդ միանա մեր շարժմանը, այնքան շուտ կազատվենք Փաշինյանից»,-շեշտեց նա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանի կոչով է եկել Հայաստան, հիմա ի՞նչ է փոխվել, որ այլեւս չի վստահում նրան, ակտիվիստը պատասխանեց. «Ես Հայաստան տեղափոխվեցի մոտ երեք տարի առաջ, բայց նրան քննադատել եմ նաեւ պատերազմից առաջ… Այս պատերազմը ծանր հետեւանքներ թողեց մեր երկրի վրա, այժմ Հայաստանում ահավոր ծանր սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամ է»:
Կարդացեք նաև
Ապա հավելեց. «Այն ժամանակ մարդիկ չէին հասկանում թե այս մարդն ով է…Նա միշտ ասել է, որ Արցախը Հայաստանի համար բեռ է, որից միշտ ցանկանում էր հրաժարվել, բայց նա Արցախից հրաժարվել է արյունալի պատերազմով: Նա ոչ մի սրբություն չունի, ատում է իր նախնիներին: Նա այն ժամանակ մեղադրում էր նախկիններին, հիմա էլ է մեղադրում…Նրա համար մեղավոր են բոլորը, ովքեր հաջողակ են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ