Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը բարձրացել է վանքի թմբուկի վրա ու սպիտակ ներկով գրել` Համլետ». «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Մարտ 16,2021 14:21

«Ինձ համար զարմանալի է հասարակության վերաբերմունքը հուշարձանների պահապանների եւ մասնավորապես մեր ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների հանդեպ: Հատկապես վերջին ժամանակներում հետաքրքիր պատկեր է ստացվել: Երբ ինչ-որ աշխատանք չես անում ինչ-որ արգելոցի տարածքում, անպայման փնովում են, բայց երբ որեւէ աշխատանք ես կատարում, արդեն սկսում են փնովել մասնագիտորեն` ինչու եք ոչ թե այսպես, այլ այնպես արել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Նա օրինակներ բերեց, որոնցից մեկն էլ վերաբերում էր Արագածոտնի մարզի համայնքներից մեկում եկեղեցու պատի կատարված գրառմանը:

Պարոն Թարվերդյանը փաստում է, որ նման երեւույթները գալիս են անցյալ դարի 70-80-ական թվականներից, ու որպեսզի հասարակությունը զերծ մնա նման քայլերից, իրենք նաեւ հանրահռչակում են վատ երեւույթները, որպեսզի գալիք սերունդը նման քայլերի չդիմի:

«Պատկերացրեք, թե սոցցցանցերում ինչ հարվածի տակ էինք ընկել, ասում էին` այսքան տարի գրված էր, չէին տեսնում, հիմա «աչոկ» հավաքելու համար սկսել են ցույց տալ, որ աշխատում են: Լավ, եթե չմաքրենք նման գրությունները, չխոսենք նման երևույթների մասին, ի՞նչ անենք, թողնենք տարածվի՞»,-տարակուսանք է հայտնում ՊՈԱԿ-ի տնօրենը:

Արա Թարվերդյանը մի օրինակ էլ է բերում. «Վայոց ձորի մարզի Սպիտակավոր վանքի թմբուկի վրա մեկը գրություն է թողել: Ախր այդ վանք հասնելն արդեն իսկ դժվար է, ես զարմանում եմ այն մարդու մտածելակերպի վրա, որը հասել է վանքին, բարձրացել է թմբուկի վրա ու սպիտակ ներկով գրել է Համլետ: Իմաստը չեմ հասկանում»:

Արա Թարվերդյանի հարցազրույցի մանրամասները` տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության և համայնքի պատասխանատուների նախաձեռնությամբ, նաեւ գյուղի բնակիչների աջակցությամբ մաքրվել են համայնքի հուշարձանի վրա կատարված գրառումները:  Լուսանկարը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031