Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկահարույց փաստաթղթեր. ՀՔԾ-ն ու դատախազությունը ստել են Մարտի 1-ի գործով

Մարտ 16,2021 13:59

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը աղմկահարույց փաստաթղթեր հրապարակեց: Աղբյուրը չբացահայտեց, բայց վստահեցրեց, որ փաստաթուղթը հավաստի է:

Այն կապված է Մարտի 1-ի գործի հետ: Հեղափոխությունից հետո ՀՔԾ-ն ու դատախազությունը հետախուզում էին հայտարարել Մարտի 1-ի գործով անցնող Գեւորգ Կոստանյանի նկատմամբ, որը նախկին գլխավոր դատախազն էր: Սակայն միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանության Ինտերպոլի փաստաթղթից պարզ է դառնում, որ ՀՀ դատախազությանը մերժել են հետախուզել Կոստանյանին:


Փաստաթղթում նշված է. «Գլխավոր քարտուղարությունը վկայակոչում է ներքոհիշյալ հաղորդագրությունը՝ Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ, իրավաբանական փորձաքննությունից հետո գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին»: Իսկ այդ երրորդ հոդվածում ասվում է՝ «Կազմակերպությանը արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասայական բնույթի որեւէ միջամտություն»: Այսինքն, Գեւորգ Կոստանյանի գործը համարել է քաղաքական ու հետախուզում չի սկսել:

Թովմասյանն ասաց. «Դեռեւս 2020-ի ապրիլի 4-ին Կոստանյանի հարցը տվյալների բազայից հանվել է՝ ձեռնպահ մնալով Ինտերպոլի խողովակներն օգտագործել, նրան արտահանձնելու, հանձնելու գործողություններ իրականացնելու համար: Սա նշանակում է, որ դեռեւս 2020-ի ապրիլին մերժել են Հայաստանի իրավապահներին հետախուզել Կոստանյանին, իսկ մենք լսում էինք, որ ՀՔԾ-ն դատախազությունը անընդհատ ասում էին, որ հետախուզում ենք իրականացնում: Ինտերպոլը անգամ մերժել է համագործակցել մեր երկրի հետ՝ այս կոնկրետ դեպքով: Կոչ են արել անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները»:

Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստացված էին ու Թագուհի Թովմասյանը վստահեցրեց, որ չեն կարող այս անգամ ասել, թե այն զուտ A4 ֆորմատի թուղթ է: Կոստանյանի մասը հանվել է Ինտերպոլի խողովակներից՝ նշելով. «Գլխավոր քարտուղարությունը Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի հիման վրա մերժել է ձեր բյուրոյի կողմից Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ հայցված կարմիր ծանուցագիրը: Ինտերպոլի խողովակներով այս գործում ոստիկանության հետ ոչ մի կապ կամ համագործակցություն չպետք է լինի, հորդորում ենք ձեզ զերծ մնալ Ինտերպոլի խողովակներն օգտագործելուց»: Թովմասյանի խոսքով՝ կարճ ասած՝ միջազգային իրավական հեղինակավոր կազմակերպությունը գտնում է, որ անհիմն են գործ սարքել ու այն քաղաքական հետապնդում է:

Պատգամավորը ցավ հայտնեց, որ սա տեղի է ունենում Մարտի 1-ի գործով, 30 տարվա պատմության մեջ նման բան չի եղել, որ իրավական հեղինակավոր կազմակերպությունը այս հոդվածով մերժի համագործակցել ՀՀ իշխանությունների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031