Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավագանու անդամը՝ Հայկ Մարությանին․ «Ձեր շեֆին պաշտպանելու համար դուք ոչինչ չեք ուզում անել»

Մարտ 16,2021 13:50

«Երեւանի բյուջեի կատարողականի թերակատարումը հիմնավորել պատերազմով եւ կորոնավիրուսի համավարակով՝ անամոթություն է: Ձեր իշխանությանն, իհարկե, բնորոշ է անամոթությունը»,-այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթի ժամանակ ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը։

«Պարոն քաղաքապետ, ես չեմ կարողանում պատկերացնել, որ դուք կարող եք այսքան անհաղորդ մնալ Երեւանի խնդիրներին, նաեւ ընդհանուր երկրի եւ տեղի ունեցող իրադարձություններին, նաեւ ձեր թիմում տեղի ունեցող գնահատականներ տալու առումով։ Եվ եթե ձեր թիմակիցները շատ լավ հասկանալով, որ դուք տապալել եք ամբողջ պետական կառավարումը, դուք տապալել եք պետական համակարգի աշխատանքները, ընդհուպ մինչեւ հայրենազրկում, ընդհուպ մինչեւ անհասկանալի փաստաթղթերի ստորագրում ձեր առաջնորդի միջոցով, դուք շարունակում եք որեւէ կերպ չարձագանքել այդ ամենին, թեկուզ ձեր շեֆին պաշտպանելու առումով, դուք ոչինչ չեք ուզում անել։ Միգուցե տեսլական ունեք՝ այ մարդ, գործ չունեմ, գուցե հետո գլխիս ճարը տեսնեմ։ Ես այդպես եմ տեսնում»,-ասաց տիկին Առաքելյանը։

Անդրադառնալով բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ ներառված ցուցանիշներին, տիկին Առաքելյանն ասաց, որ կան կետեր, որոնք կապ չունեն պատերազմի եւ կորոնավիրուսի հետ․ «Մանավանդ, որ այդ բեմադրված պատերազմի ժամանակ բոլորս ներգրավված ենք եղել այդ աշխատանքներում, քաղաքային իշխանությունն իր բնականոն աշխատանքներն առավել քան ակտիվ է իրականացրել, հուսով եմ, քան մինչ 44 օրյա պատերազմը»։

Ըստ Հռիփսիմե Առաքելյանի, բյուջեով նախատեսված հետիոտնային անցումների կառուցում կամ վերանորոգում ծրագրի համար նախատեսված է եղել 173 միլիոն դրամ, մինչդեռ ծախսվել է 12 միլիոնը, եւ ինչպես ասաց ավագանու անդամը՝ կորոնավիրուսն ու պատերազմն ի՞նչ կապ ունեն այստեղ։

Առողջապահական կազմակերպություններին նախատեսված է եղել 45 միլիոն դրամ հատկացնել, ըստ տիկին Առաքելյանի, որեւէ կոպեկ չի ծախսվել․ «Էս գումարն ինչո՞ւ եք պահել, ինչո՞ւ չեք ծախսել»։

Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռքբերում տողով 112 միլիոնն է ծախսվել, նախատեսված է եղել 202 միլիոն դրամ։

«Ձեր թիմում պարբերաբար խոսում են, որ չգիտեն ձեզ ոնց հանեն կամ դուք եք ուզում դուրս գալ: Հանրահավաքների հարթակներում չեք ներկայանում, առանձնապես չեք պաշտպանում ձեր թիմին։ Ուզում եմ հասկանալ՝ ձեր թիմն արդյոք խիզախություն կցուցաբերի եւ դեմ կքվեարկի կատարողականին եւ դուք օրինական կարգով քաղաքապետի պաշտոնն այլեւս չեք զբաղեցնի։ Բնականաբար, չեն անելու»,-ասաց տիկին Առաքելյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքելով ասաց․«Ոչ ոք կաշկանդված չէ իր մտքերն այս դահլիճում արտահայտելու համար եւ դա ժամանակն ապացուցել է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031