Այսօր Երեւանի ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց, այդ թվում՝ Երեւանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին եւ Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին նախագծերը։
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում անդրադառնալով բյուջեի կատարողականին, ավելի կոնկրետ ծախսային մասին, անտրամաբանական համարեց այն հանգամանքը, որ գումարը կար, մրցույթներ պետք է հայտարարվեին ու ծրագրերն իրականացվեին, սակայն ծախսերի կատարողականն ընդամենը 63.5% է։
«Ես կարծում եմ, որ «լավ» կառավարիչ քաղաքապետը հենց ստանար թղթերը ու տեսներ, որ այսքան ցածր է կատարողականը, հաջորդ թուղթը պիտի լիներ հրաժարական գրելու թուղթը, որովհետեւ եթե նայենք, որ կատարողականի որ մասերն են՝ աշխատավարձ եւ այլն, դուրս բերենք, կտեսնենք, որ իրական թիվն ավելի ցածր է։ Բնականաբար, ասում են՝ պատերազմ ու քովիդ է եղել, հասկանանք ի վերջո՝ դրանք օբյեկտիվ ցուցանիշնե՞ր են, թե՞ ոչ»,-ասաց Դավիթ Խաժակյանը։ Նա համեմատություն կատարեց նախորդ տարիների կատարողականի հետ, եւ ներկայացրեց ցուցանիշները՝ 2016 թվականին կատարողականը եղել է 100.27% , 2017-ին՝ 96.9%, 2018-ին՝ 73.43%, եւ սա, ըստ պարոն Խաժակյանի, ամենաանընկալելին է, անցումային շրջան էր, իսկ 2019-ին, երբ քաղաքապետն ամբողջ տարին լիարժեք պաշտոնավարել է, կատարողականը 70.5% է եղել: Պարոն Խաժակյանն ասաց, որ համեմատել է Գյումրիի եւ Վանաձորի կատարողականների հետ, բայց Երեւանը վատ իմաստով չեմպիոն է․ «Որեւէ մեկի մոտ 70 տոկոսից ցածր չի եղել կատարողականը»։
Դավիթ Խաժակյանի ներկայացմամբ՝ ծախսերի ծրագրում Երեւանում ոռոգման ցանցի կառուցման կատարողականը 47% է, թափառող կենդանիների վնասազերծումը՝ 78%, հարթ տանիքների վերանորոգումը՝ 67% բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգումը՝ 58% եւ այսպես մի շարք այլ ծախսեր։
Կարդացեք նաև
«Որեւէ առանձին պաշտոնյայի պատասխանատվություն չեմ տեսնում, որովհետեւ տարվա ընթացքում հաշվետվություններից երբ պարզ էր դառնում, որ այսպես է, քաղաքապետը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեր։ Հիմա եթե օրենքի կարգավորումը հաստատում ենք, համոզված եմ, որ հաստատելու եք, սա անտրամաբանական է: Հաստատելու պարագայում հասկանանք՝ երեք տարի շարունակ եթե անընդհատ հաստատում ենք, պատասխանատվության բեռը իշխող ուժի վրա է։ Այս կատարողականի դեպքում «Իմ քայլի» բոլոր մանդատները վայր դնելու տարբերակ երեւի չկա, բայց գոնե պիտի հայտարարեին՝ կներեք ժողովուրդ, մեզ մոտ չստացվեց։ Մեր հայրենակիցներին ասեմ, որ «Իմ քայլի» մոտ չստացվեց։ Այս թիվը ոչ թե վատն է, այս թիվը նշանակում է ձախողում, սա քաղաքային կառավարման տապալում է նշանակում՝ անկախ օբյեկտիվ բոլոր հանգամանքներից։ Մարդիկ փոսերով երթեւեկում են ու ասում՝ խրամատները քաղաքի մեջտեղում են, այսպիսի վիճակ որեւէ մեկը չի հիշում»,-հայտարարեց Խաժակյանը։
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքելով նրան, ասաց․ «Ես ընդամենը երկու տարի եմ կառավարում, մի տարի կա, որ ձեր ուզածը լինի։ Իսկ ճանապարհները 2020-ում մեջ ներառված չեն եղել, այս տարի կլինի՝ կխոսենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ