«Զորավարժությունների գործողություններում գրեթե ոչինչ չի փոխվել, նույնն են խաղարկում»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ադրբեջանի հեթական զորավարժություններին՝ ասաց Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը։ Նա նշեց՝ այս զորավարժությունների միակ «նորությունն» այն է, որ Ադրբեջանի գործողություններում փոփոխություններ չեն եղել։
Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ շեշտեց՝ սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական գործողություններից եւ Արցախը վերջնական գրավելու մտքից՝ անկախ այն բանից, թե ինչ են խոսում խաղաղության եւ կոմունիկացիաների, առեւտրի մասին․ «Այդ քարոզչությունը լցվում է ջուրն այն պատճառով, որ զորավարժություններն ուղղված են Արցախի դեմ։ Սա վկայում է նաեւ այն մասին, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ ունի, ամբողջն է ուզում եւ հենց հիմա։ Խաղաղապահների գործոնը զսպում է դեռ։ Եթե Ուկրաինայում ցնցումներ լինեն, եթե Դոնբասում ռազմական գործողություններ սկսվեն, բացառված չի, որ Ադրբեջանը կփորձի ինչ-որ ծավալի ռազմական արկածախնդրության դիմել։ Ինչ-որ պահից կարող են փորձել սադրանքների գնալ, օրինակ, դիպուկահարների կրակոցների տեսքով։ Պատերազմը չի ավարտվել, Ադրբեջանը շարունակում է նույն ռազմատենչ եւ ագրեսիվ քաղաքականությունը ՀՀ-ի եւ Արցախի դեմ»։
Կարդացեք նաև
Կարեն Վրթանեսյանի խոսքով․ «Ցավոք, ՀՀ իշխանությունները դրան պատրաստ չեն։ Չեմ տեսնում լուրջ քայլեր՝ հանրությանը համախմբելու եւ բանակի ներուժը վերականգնելու հարցում։ Թույլ հույսը հայկական զորավարժություններն են, թեպետ, ցավոք, մեծ կասկածներ ունեմ, թե դրանք այս պայմաններում որքանով են արդյունավետ։ Այսօր անգամ պարզ չէ, թե գլխավոր շտաբն ով է ղեկավարում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ