Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն միմիայն ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո. ՀՔԱՎ

Մարտ 16,2021 12:44
orensgirq

2018 թ․ հեղափոխության օրերին որպես հանրային պահանջ է ձևակերպվել, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո վերահաստատվել է, որ իշխող քաղաքական ուժը վերարտադրող և չարաշահումների լայն հնարավորություններ ստեղծող ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի։ Այդ բարեփոխման խոստումն ու պարտավորությունն ամրագրվել է նաև ՀՀ Կառավարության ծրագրում և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում։

Շուրջ երկու տարի ՀՀ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ, արտախորհդարանական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ և պետական տարբեր մարմիններ քննարկումներ են ունեցել ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ քննարկումների արդյունքում մշակվել է մի նախագիծ, որն անդրադառնում է ընտրական օրենսդրության գրեթե բոլոր խնդրահարույց կետերին։ Նախագիծն արդեն իսկ պաշտոնապես շրջանառվել ու հրապարակվել է ԱԺ կայքում, ինչպես նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու համար:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարզ համամասնական ընտրակարգ, որը պետք է օգնի զարգացնել և բովանդակային դարձնել խորհրդարանական համակարգը, ինչպես նաև երաշխավորի ընտրակաշառքի ու քրեածին հեղինակությունների ազդեցության կանխարգելումը ընտրությունների վրա։ Պարզ համամասնական ընտրակարգի անցումը 2018 թ․ հավանության է արժանացել բոլոր այն ուժերի կողմից, որոնք այժմ ներկայացված են ՀՀ Ազգային ժողովում։ Այդ ընտրակարգը նաև եղել է փաստացի գլխավոր հստակ փոփոխությունը, որ կանխատեսվում էր բարեփոխումների համատեքստում և հավանության էր արժանացել արտախորհրդանական ուժերի կողմից։

Ընտրական օրենսգրքի և հարակից օրենսդրության փոփոխությունների ընդունումն այն կարևոր քայլն է, որով ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են ցույց տալ, որ նախընտրական պայքարում հրաժարվելու են

✔️վարչական ռեսուրսի օգտագործումից, որը սահմանվել և հստակեցվել է փոփոխություններով՝ սահմանելով նաև համապատասխան քրեական և վարչական պատասխանատվություն,

✔️քարոզարշավի ապօրինի ֆինանսավորումից,  որը նախագծով ստացել է ավելի արդյունավետ կարգավորում՝ հաշվետվողականության ու թափանցիկության տեսանկյունից,

✔️բարեգործության և այլ քողարկված միջոցներով ընտրակաշառքի բաժանումից, որի կարգավորումները վերանայվել ու բարելավվել են, այդ թվում՝ երրորդ անձանց հայտարարագրման միջոցով,

✔️հավաքներին և հատկապես նախընտրական հավաքներին մասնակցելու պարտադրանքից,  որի համար սահմանվել է քրեական պատասխանատվություն,

✔️կանանց ցածր ներկայացվածությունից, որի հաղթահարման համար նախագիծը սահմանել է ներկայացվածության ապահովման արդյունավետ մեխանիզմներ,

✔️իշխանության գերկենտրոնացումից, որի հաղթահարման համար նվազեցվել է կուսակցությունների ընտրական գրավը և արգելապատնեշը, հանվել են կոալիցիաների ձևավորման նախկին սահմանափակումները և ամբողջությամբ վերանայվել է լրացուցիչ մանդատների բաշխման սխեման,

✔️անհավասար մրցակցությունից և անձնակենտրոն ապաքաղաքական գործունեությունից, որի հաղթահարման համար նախատեսվում է նախընտրական ծրագրերի պարտադիր ներկայացում, բանավեճերի և անվճար եթերաժամանակի ավելացում, կենտրոնացում կուսակցության ընդհանուր քաղաքականության վրա։

Ներկայիս քաղաքական ճգնաժամի հաղթահարման գլխավոր երաշխիքը արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն  վարկաբեկված ու ակնհայտորեն թերի օրենսգրքով ընտրությունների կազմակերպումն ինքնին և ի սկզբանե  կհանդիսանա ռեսուրսների, ոչ թե՝ ծրագրերի մրցավազք և կասկածի տակ կդնի նոր Ազգային ժողովի լեգիտիմությունն ու վարկանիշը։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման և կիրարկման թիվ մեկ պատասխանատուն Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն է։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների և իշխանության հավակնող քաղաքական ուժերի կողմից օրենսգրքի փոփոխությանը չսատարելը ինքնին կգնահատվի որպես վարչական և ապօրինի ռեսուրսներին ապավինելու մտադրություն և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու պատրաստակամության բացակայություն։

Արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն միմիայն ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առանց ստորադասելու արտահերթ ընտրությունների հրամայականը ժամկետների վերաբերյալ միջազգային ընդհանրական կանոններին։

Հայտարարությանը միացած կազմակերպությունը ցանկը՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031