Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Բժշկական մայր բուհի բազմաթիվ շրջանավարտներ պատերազմի ժամանակ և՛ ամուր թիկունք դարձան հայրենիքի պաշտպանների համար, և՛ աչքի ընկան իրենց հերոսություններով՝ բարձր պատասխանատվությամբ կատարելով իրենց առջև դրված մասնագիտական խնդիրները:
Ռոման Օհանյանը նրանցից մեկն է, ով բարձր առաջադիմությամբ ավարտելով ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը, որպես բուժծառայության լեյտենանտ 1+2 ծրագրի շրջանակում ինտերնատուրա է անցնում զինված ուժերում:
«Մինչ պատերազմն իմ պատկերացումները բժշկության հանդեպ այլ էին: Այդ ընթացքում հասկացա, որ բժիշկը պետք է լինի սառնասիրտ, արհեստավարժ, արագաշարժ, կարողանա կողմնորոշվել և ճիշտ ախտորոշել: Առհասարակ, լայնամասշտաբ պատերազմների ժամանակ վայրկյանները շատ կարևոր են, ուստի բժիշկը պետք է ունենա մաքսիմալ գիտելիքներ, որպեսզի սխալներ թույլ չտա: Պատերազմի ժամանակ գործ ունենք 18-20 տարեկան երիտասարդների հետ, որոնք առողջ էին և ստացել են այնպիսին վնասվածքներ, որոնք քաղաքացիական կյանքում գործնականում անհնար է ստանալ: Այս պատերազմը նման չէր գրքերում, ֆիլմերում նկարագրված կամ նախորդ պատերազմներին, քանի որ այստեղ օգտագործվող զինատեսակներն այլ էին. անդամահատված վերջույթներ, քիմիական թունավորումներ, տարբեր տրամաչափի զինամթերքներից առաջացած վնասվածքներ…»,-նշում է Ռոման Օհանյանը:
Կարդացեք նաև
Նա ծառայել է Արցախի ՊԲ Իվանյանում տեղակայված զորամասերից մեկում: Պատերազմի առաջին օրվանից մեկնել է առաջնագիծ՝ վիրավորներին դուրս հանել մարտի դաշտից՝ տեղափոխելով մոտակա հոսպիտալները:
«Ցավով եմ հիշում այդ օրերը… Լավագույն ընկերներիցս շատերը զոհվեցին, այդ սպին մեր հոգում միշտ է լինելու: Մեր հերոս տղաներն անմահների շարքում դասվեցին»,-շեշտում է բուժծառայության լեյտենանտը:
Վիրավորներին փրկող բժիշկը շուտով ինքն է կանգնում կյանքի և մահվան սահմանագծին: Հրետանային հարվածների հետևանքով շտապօգնության մեքենան շրջվում է, ինչի հետևանքով Ռոմանը ստանում է ոտքի և ձեռքի բազմաբեկոր վնասվածքներ և կոտրվածքներ: «Պետք է գնահատես կյանքդ, որովհետև կարող ես մեկ վայրկյան հետո հայտնվել անվասայլակին, կամ գոյություն չունենալ և քեզնից հետո ոչինչ չի մնա: Պետք է ապրես, արարես, գեղեցիկը գնահատես, որքան հնարավոր է շատ մարդկանց օգնես, լավություն անես»,-նշում է ԵՊԲՀ շրջանավարտը:
Ռոմանը դպրոցական հասակից միշտ երազել է դառնալ այնպիսի մասնագետ, որ կյանքում օգտակար լինի մարդկանց, և կանգ է առել բժշկի մասնագիտության ընտրության առաջ: «Ուսումնառության տարիներին ավելացել է սերը դեպի իմ մասնագիտությունը: Փորձել եմ, որքան հնարավոր է լավ սովորել»,- նշում է բժիշկը՝ եզրափակելով. «Սեփական ցավն անտեսելով պետք է օգնել դիմացինին. սա է իմ առաքելությունն այս կյանքում»: