Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագիրը ապօրինի և հանցավոր փաստաթուղթ է հայ ժողովրդի նկատմամբ և պարտադիր ենթակա է դատապարտման և առ ոչինչ ճանաչելու. հայտարարություն

Մարտ 16,2021 11:42

Այսօր՝ 1921թ.  մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակի պատմականորեն ողբերգական այս օրը, Հայաստանն ու հայ ժողովուրդը դիմավորում են այդ դավադրության աղետալի կրկնությամբ: 100 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ռուս-թուրքական հանցավոր գործարքով հայ ժողովուրդը զրկվեց միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասից:

100 տարի անց հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության քաղաքականությունը շարունակվեց նաև 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի արցախյան պատերազմի ընթացքում և դրան հաջորդած նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Հայաստանի և Արցախի իշխանությունների փաստացի անգործունակության և քաղաքական անհեռատեսության հետևանքով 100 տարի անց ռուս-թուրքական կրկնվող հանցավոր համագործակցության հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց իր պատմական հայրենիքի մյուս՝ Արցախի տարածքների մեծ մասից, որն արդեն իսկ հայաթափվում է:

Ստորագրող կողմերը՝ 1921թ. միջազգայնորեն չճանաչված քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը,  շարունակելով Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության քաղաքականությունը, բռնազավթեցին և մասնատեցին Ազգերի Լիգայի կողմից միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասը, իսկ բռնազավթման հետևանքով Խորհրդային Ռուսաստանին անցած տարածքի զգալի մասն ընդգրկվեց ադրբեջանական վարչական միավորի կազմում։

Մոսկվայի հանցավոր պայմանագրի 100-ամյակի այս օրը, մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք՝

– Մոսկվայի պայմանագիրը հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է և դրա հետևանքների իրավական ամրագրման փորձն է: Այն նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:

–  Պայմանագիրը ապօրինի և հանցավոր փաստաթուղթ է հայ ժողովրդի նկատմամբ և  պարտադիր ենթակա է դատապարտման և առ ոչինչ ճանաչելու:

– Մենք մերժում ենք ռուս-թուրքական անցյալ և ներկա դավադրությամբ մեզ պարտադրվող սահմանները:

– Մենք դատապարտում ենք Մոսկվայի պայմանագիրը և պահանջում ենք ստորագրող կողմերի իրավահաջորդներից Հայաստանին վերաբերող մասով առ ոչինչ ճանաչել 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը:

Մենք դատապարտում ենք նաև Մոսկվայի պայմանագրի տրամաբանական շարունակությունը հանդիսացող 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել այն:

 Կոչ ենք անում՝

 – ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ՝ գումարել խորհրդարանական լսումներ և ԱԺ հատուկ նիստ՝ պայմանագրի դատապարտման և առ ոչինչ  ճանաչելու պահանջ ներկայացնող օրակարգով:

– ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ՝ բողոքի շարունակական միջոցառումներով հասնել հայ ժողովրդի նկատմամբ ռուս-թուրքական դավադիր համագործակցության աղետալի հետևանքների վերացմանը և անցյալի և ներկայի պատմական անարդար փաստաթղթերի  առ ոչինչ ճանաչմանը:

Նարինե Մկրտչյան –  Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող

Պարույր Հայրիկյան – ԱԻՄ նախագահ

Պետրոս Մակեյան «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ

Գաբրիել Տեր-Կարապետյան ճարտարագետ, ԱԻՄ նախագահության անդամ

Կառլեն Ալեքսանյան  –  տեխնիկական գիտ. թեկնածու,  դոցենտ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ

Ատոմ Մխիթարյան – «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամի տնօրեն, «Քաղաքական լիգայի» ներկայացուցիչ

Արմեն Աղայան  – «Հայկական ընտրություն» ՀԿ

Զոհրաբ Գևորգյան – պատմ. գիտ. թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031