Հատկապես Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան տարածաշրջանում փորձում է մաքսիմալ ամրապնդել իր դիրքերը: Ուղիղ համեմատական կարգով նույնը փորձում է անել նաև Ադրբեջանը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին:
«Մեծ հաշվով, ստեղծված իրավիճակում տարածաշրջանի դոմինանտ պետությունները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, փորձում են իրենց դիրքերն ամրապնդել, ինչն արդեն իսկ արտահայտվում է տարբեր երևույթներով: Օրինակ՝ սկսած զորավարժություններից, որոնցով Թուրքիան, այսպես ասած, ատամ է ցույց տալիս տարածաշրջանում գերիշխող գերտերություններին: Թուրքիան փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում ինքն է ստանձնել, այսպես ասած, դիրիժորի դերը: Ամեն դեպքում, այս ամենը դեմ է մասնավորապես Ռուսաստանի շահերին, որն էլ իր հերթին է փորձում տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել: Բնականաբար, Իրանին ևս դուր չի գալիս, որ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում: Եվ պատահական չէ, որ Իրանն իր սպառազինությունը, հարվածային նոր ԱԹՍ-ներն է ցուցադրում: Տարածաշրջանում Իրանն էլ բավականին գերիշխող դիրք ունի և թույլ չի տալու, որ Թուրքիայի ազդեցությունը շատ մեծանա»,-ընդգծեց Վ. Մանգասարյանը: Անդրադառնալով այս բալանսի մեջ Հայաստանի դիրքին՝ նա նշեց.
«Գործող ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն իսկ ամեն ինչ արել է, որ մենք տարածաշրջանում հնարավոր ամենածանր վիճակում հայտնվենք՝ սկսած տարածաշրջանում մեր զբաղեցրած դիրքից, վերջացրած սպառազինությամբ, բանակով և այլն: Այսինքն, այս իշխանությունները տարբեր ասպեկտներով ապացուցում են, որ ունակ չեն մեր երկրի շահերի համար մաքսիմալ ճիշտ դիրքում լինել, իսկ այդ ամենը շատ վտանգավոր է մեր պետության համար: Բայց ստեղծված իրավիճակում առավելագույն կերպով պետք է կարողանանք ճիշտ դիրք ընդունել մեր ռազմավարական դաշնակիցների և հարևան պետությունների՝ մասնավորապես Իրանի, Վրաստանի հետ հարաբերություններում: Պետք է փորձել ի նպաստ հայկական շահերի դիրքավորվել, ինչը իշխանությունների ոչ մի գործողության մեջ չի արտացոլվում»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։