Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի ընտրությունից հետո դասախոսն ազատման դիմում է գրել, դատարանում կվիճարկի մրցույթի արդյունքները. «Հայկական ժամանակ»

Մարտ 16,2021 10:49

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի երկրորդ փուլից հետո ռեկտորի թեկնածուներից Դավիթ Ղազարյանը, որ առաջին փուլում ստացել էր մեկ ձայն եւ դուրս էր մնացել ընտրապայքարից, աշխատանքից ազատման դիմում է գրել: Նա Պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ է:
«Սույնով դիմում եմ Ձեզ, որ իմ անհամաձայնությունն եմ հայտնում ՀԱՊՀ ռեկտորի մրցույթի անցկացման եւ երկու փուլերի ընթացակարգերի վերաբերյալ եւ այլեւս չեմ պատկերացնում իմ ապագան կեղծիքներով լի Պոլիտեխնիկում, որն իմ տունն եմ համարում: Տեղեկացնում եմ, որ այսօրվանից չեմ հաճախելու դասընթացներին, եւ կարող եք ինձ ազատել ՀԱՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտի պաշտոնից: Հուսով եմ, որ Պոլիտեխնիկը կմաքրվի այդ կեղտից, եւ ես կվերադառնամ»,- ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Ազգաշյանին ուղղված իր դիմումում նշել է Դավիթ Ղազարյանը՝ այն հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում:

Կից գրառմամբ Ղազարյանը նաեւ նշել է, որ դուրս է գալիս «հենց այդ կեղտը մաքրելու համար»։ «Պայքարը շարունակվելու է, կհանդիպենք դատարանում, պարոնայք»,- հավելել է նա:

Մեզ հետ զրույցում Դավիթ Ղազարյանը մանրամասնեց, որ դատարանում վիճարկելու է ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի թե՛ առաջին, թե՛ երկրորդ փուլերի արդյունքները:

Հիշեցնենք, որ ռեկտորի ընտրության առաջին փուլից մի քանի օր առաջ պաշտոնի հավակնորդ Դավիթ Ղազարյանը հայտարարել էր, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման կարգը չի պահպանվել եւ փորձ է արվել թեկնածուների համար ստեղծել ոչ հավասար պայմաններ՝ հնարավորություն չտալով հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ծանոթանալ բոլոր թեկնածուների ներկայացրած՝ համալսարանի զարգացման հայեցակարգերին: Նրա կարծիքով՝ այդ քայլը թեկնածուներից մեկի օգտին հնարավոր առավելություն ստանալու համար էր արվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031