Արագածոտնի մարզի Քուչակ համայնքից ընտրված պատգամավոր Մաթեւոս Ասատրյանն էլ կարծում է, որ օր առաջ պետք է գնալ ընտրության եւ լիցքաթափել իրավիճակը։ Նա կոչ է անում բոլոր նրանց, ովքեր կասկածում են, որ իրենք կարող են հանգիստ շփվել ժողովրդի հետ, գնալ եւ իր հետ քայլել իրենց գյուղում ու տեսնել, թե ժողովուրդն իրեն՝ որպես իշխանության ներկայացուցչի, ինչպես է ընդունում։ «Եթե իշխանությունից դժգոհություն լիներ, ես էլ մի մասն եմ, ինձնից էլ կլինեին»,- ասում է նա։ Այսինքն՝ այս ամենից հետո, փաստորեն, հնարավո՞ր է նորմալ քարոզարշավ իրականացնել, խոստումներ տալ։ «Թող ոչ մեկ չմտածի մեր մասին, չանհանգստանա, թող էդ անհանգստացնողներն իրենք մտածեն, թե ոնց են ներկայանալու ժողովրդին, 30 տարի ապրել են, չէ՞, երկրում, անցյալը չի մոռացվել»։
Բայց անցյալում Արցախ չեն հանձնել, այսքան մարդ չի զոհվել։ «Ի՞նչ է նշանակում՝ հանձնել, մենք հայրենիք կհանձնեինք այն ժամանակ, երբ պատերազմ չէինք անի։ Իմ ծնողները, մեր ժողովուրդը իրենց բերանից կտրել են, որ կայուն բանակ ունենանք, 30 տարի շարունակ բանակը սարքել էինք բարձր մարմին, որը մեր անվտանգությունը պետք է ապահովի, բայց 30 տարի պատերազմի քայլ չեն արել, եւ մենք չենք կարող ասել՝ եղե՞լ է մեր ազդեցությունը, թե՞ հակառակորդի թուլությունը, որ մեզ չեն մոտեցել։ Մենք, չմոռանանք, որ ամենաուժեղ բանակի դեմ ենք կռվել, էդ նույն նախկիններն իրենք են փաստում, որ Ադրբեջանի հետ բանակցությունները գնացել է փակուղի, հնարավոր է, որ նաեւ լինի պատերազմ,- ասաց իմքայլականը՝ հավելելով։- Կատարվածը ցավ է բոլորիս համար, եւ բոլորս միասին պետք է սրանից դուրս գանք, ոչ թե միայնակ։ Հաղթանակը բազում տեր ունի, պարտությունը որբ է։ Պետք է բոլորս հետեւություն անենք, ես ապրելու եմ այս երկրում, ես սերունդ ունեմ, ինձնից ծնված երեխեք կան, իրենք պետք է ապրեն այս երկրում, հետեւաբար, ես պարտավորված եմ իմ պետության եւ ժողովրդի հանդեպ։ Դատարկախոսությունների ժամանակը չէ, մենք միասին պետք է դուրս գանք այս վիճակից, գնանք ընտրության։ Մարդիկ կանգնած սպասում են, թե երբ պետք է ներդրում անեն, երբ պետք է այս իրավիճակը հանդարտվի, արդյոք հույս ունե՞ն այստեղ ապրելու, թե՞ գնալով վատանալու է, եւ իրենց ընտանիքի փրկության մասին են մտածում։ Դրա համար ոչ թե մեղավոր ու անմեղ պետք է ման գանք, այլ բոլորս մեր մեղավորությունն ընդունենք»։ Իշխանության վերարտադրության դեպքում մարդիկ կանե՞ն ներդրում կամ մարդիկ կմնա՞ն Հայաստանում։ «Իշխանություն, թե ընդդիմություն՝ բոլորս պետք է նպաստենք նրան, որ ներդրողը գա եւ անի»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: