Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական լիգան» կոչ է անում միավորվել՝ մերժելու 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը

Մարտ 16,2021 10:22

Այսօր լրանում է 1921թ.  մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: 100 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցած պատմական ահասարսուռ անարդարության հետևանքով՝ ռուս-թուրքական դավադրությամբ և միջազգային  դավադիր լռությամբ, հայ ժողովուրդը զրկվեց իր պատմական բնօրրանի մեծ մասից: Ռուս-թուքական հանցավոր համագործակցությունը  բզկտեց հայ ժողովրդի պատմական հայրենիքը:

Մոսկվայի պայմանագիրը, որը ստորագրվել և իրականացվել է առանց հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցության, հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած անարդար, ստորացուցիչ, դաժան գործարքներից է:

«Բարեկամության և եղբայրության պայմանագրի» կողմերը՝ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը, օգտվելով հայ ժողովրդի ծանր կացությունից, հանցակցությամբ մասնատեցին և տիրեցին հայ ժողովրդի պատմական հայրենիքին՝ նրան թողնելով այդ հայրենիքի 1/10-րդ մասը:

1921թ. Մոսկվայի, ապա՝ Կարսի պայմանագրերով ռուսական կողմը Թուրքիային զիջեց Կարսը և Սուրմալուն, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին: Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց:

Պատմական երկու իրողությունները՝ Թուրքիայում Քեմալականների Ազգային Մեծ ժողովի ձևավորումը և 1917թ. բոլշևիկյան հեղափոխությունը, կործանարար հետևանքներ ունեցան Հայաստանի տարածքների և սահմանների համար:

«Քաղաքական լիգան», վերահաստատելով մեկ տարի առաջ՝ 2020թ. մարտ 16-ի իր հայտարարությունը, գնահատելով ռուս-թուրքական այդ դավադիր գործարքի պատմաքաղաքական նպատակներն ու հետևանքները և ելնելով պատմական անհերքելի փաստերից, այսօր՝ Մոսկվայի պայմանագրի ստորագրումից  100 տարի անց,

Հայտարարում է՝

– Ստորագրող կողմերն այդ քայլով շարունակեցին հայերի ցեղասպանության քաղաքականությունը՝ հայ ժողովրդից խլելով նրա պատմական հայրենիքի կենսական  տարածքները:

–  Փաստաթուղթը հանցավոր ակտ է մարդկության դեմ. դրա գործողությամբ կողմերը յուրացրեցին հայ էթնոսի բնօրրանի լայն հատվածներ:

– Պայմանագիրը հանցավոր փաստաթուղթ է հայ ժողովրդի նկատմամբ, այն վաղեմության ժամկետ չունի և պարտադիր ենթակա է դատապարտման և առ ոչինչ ճանաչելու:

100 տարի անց հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության քաղաքականությունը շարունակվեց նաև 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի արցախյան պատերազմի ընթացքում և դրա ավարտով: Հայ քաղաքական ղեկավարների հանցավոր կարճատեսության և կարճամտության պատճառով արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո ռուս-թուրքական դավադրությունը, միջազգային հանրության՝ դատապարտելի անհաղորդությամբ, հայ ժողովրդին զրկեց արյամբ վերանվաճված պատմական Արցախի տարածքների մեծ մասից և այժմ այդ սպառնալիք է դարձել Հայաստանի Հանրապետության ներկա սահմանների համար: Ռուս-թուրքական դավադրությունը 100 տարի հետո նույն ծանրագույն հետևանքներն ունեցավ Հայաստանի և հայ ժողովրդի համար: Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ազգային անվտանգությունը և ֆիզիկական գոյությունը  վտանգված են:

ՀՀ քաղաքական ղեկավարությունն անընդունակ գտնվեց հասկանալու աշխարհաքաղաքական վտանգավոր փոփոխությունները, դրանց աղետալի հնարավոր  հետևանքները և ռուս-թուրքական դավադրության կրկնություն հեռանկարը:

Մենք՝ հայ ժողովրդի զավակներս, Հայաստանում և ի սփյուռս աշխարհի, մեր նախնիների ժառանգներն ենք և մեր պատմական հայրենիքի տարածքների իրավահաջորդները: Մենք պետք է ազգովին մերժենք հայ ժողովրդին պարտադրված հայ-թուրքական ստորացուցիչ սահմանները:

Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի այս ծանր օրը՝ «Քաղաքական լիգան», դիմելով հայ ժողովրդին՝ Հայաստանում և Սփյուռքում, կոչ է անում միավորվել՝ մերժելու մեր կենսական շահերը ոտնահարած, մեր օրրանից մեզ օտարած 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

«Քաղաքական լիգան» կոչ է անում՝

– ՀՀ խորհրդարանին՝ գումարել խորհրդարանական լսումներ և ԱԺ հատուկ նիստ՝ պայմանագրի դատապարտման և  այն առ ոչինչ համարելու պահանջը ներառող օրակարգով:

– Իրականացնել համահայկական  բողոքի գործողություններ՝ կասեցնելու  մարտի 16-ի պայմանագրի գործունեությունը՝ «Ո՛չ 1921թ. Մոսկվայի պայմանագրին» նշանաբանով:

«Քաղաքական լիգան» ընդգծում է՝

– Եթե Հայաստանն ու հայ ժողովուրդը Մոսկվայի և Կարսի պայմանագրերի խնդիրն իր քաղաքական օրակարգում չընդգրկի, ապա համաձայնված կլինի հայ ժողովրդի վզին փաթաթած ստորացուցիչ սահմանների հետ, ինչն անընդունելի է յուրաքանչյուր հայի համար, քանի որ այն հայկական գործոնի վերացմանն ուղղված ռուս-թուրքական և միջազգային դավադրության շարունակությունն է:

Մեր ներքին տարաձայնությունները չեն կարող  այնքան ուժեղ լինել, որ հաղթեն մեր հավաքական, միավորյալ ներուժին՝ չեղարկելու այդ  խայտառակ պատմական  պայմանագիրը:

«Քաղաքական լիգան» այս հայտարարությամբ շարունակում է ուղիղ մեկ տարի առաջ իր նախաձեռնած  առցանց ստորագրահավաքն ընդդեմ 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի՝ կոչ անելով  մինչև Կարսի պայմանագրի 100-ամյակը՝ 2021թ. հոկտեմբերի  13-ը,  հասնել ռուս-թուրքական ամոթալի գործարքի դատապարտմանը և այդ պայմանագրերն առ ոչինչ ճանաչելուն:

Քաղաքական լիգա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031