Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ «եթե մարդկության դեմ ակնհայտ խախտումների դեպքում նույնպես անտարբերություն է ցուցաբերվելու, ապա նման հանցագործություններ կկատարվեն նաեւ այլ վայրերում»:
– Մարտի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարեց. «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված Ադրբեջանի Հանրապետության կողմից, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան եւ նշված տարածքների բռնազավթումը որեւէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում»։ Պարոն Բաբայան, կբացե՞ք փակագծերը, ի՞նչ է ենթադրում այս հայտարարությունը, այն ինչպե՞ս է անդրադառնալու բանակցային գործընթացի վրա:
– Իհարկե, մենք երբեւիցե չենք կարող մոռանալ օկուպացված տարածքները, դա միանշանակ է, իրավունք էլ չունենք, որովհետեւ դա հազարամյակների ընթացքում մեր պատմական հայրենիքն է եղել: Այն զավթվել է թշնամու կողմից: Այնտեղ ոչնչացվում է ամեն ինչ, ամենը, ինչ եղել է հայկական, այսինքն, տեղի են ունեցել՝ մշակութային ցեղասպանություն, տեղահանումներ, էթնիկ զտումներ, սպանություններ: Սա մշտապես լինելու է մեր օրակարգային հարցերից մեկը: Ինչպես դա կազդի կարգավորման գործընթացի, բանակցությունների վրա՝ ցույց կտա ժամանակը: Բայց այն, որ այդ հարցը դառնում է արտաքին քաղաքականության օրակարգային հարց՝ միանշանակ է:
– Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ «ԼՂ խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով», որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց գոյություն չունի» Բաքվի համար, մինչդեռ պաշտոնական Երեւանը կողմնակից է բանակցությունների շարունակմանը, ԼՂ-ի կարգավիճակի որոշմանը, ինչպես նաեւ միջազգային հանրությունն է շեշտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի գործունեության շարունակման անհրաժեշտությունը: Հիմա, պատերազմից հետո ստացվում է՝ նոր փակուղային իրավիճակ է ստեղծվել՝ հիմք ընդունելով հայկական կողմի եւ պաշտոնական Բաքվի դիրքորոշումները: Ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը այս դեպքում՝ գործընթացը տեղից շարժելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
– Իհարկե, Ադրբեջանն այդպես է հայտարարում, բայց դա չի նշանակում, որ իր հայտարարությունն իրականությանը համապատասխանում է: Արցախը կա եւ կլինի, մենք ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ: Հետեւաբար, եթե Արցախը կա եւ խնդիրը կարգավորված չէ վերջնական, ամբողջությամբ կարգավորում չկա, ուրեմն, կարգավորման գործընթացը կշարունակվի:
Բնական է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի հետ որեւէ բանակցություն չվարի, սա ակնհայտ է, այստեղ որեւէ նորություն չկա: Բայց մենք էլ պետք է շարունակենք մեր դիրքորոշումը պնդել, մեր քաղաքականությունը տանել: Հիմա ռուսական խաղաղապահ առաքելությունն է Արցախում, անվտանգային հարցերը լուծված են ներկա դրությամբ եւ տեսանելի ապագայում, իսկ մնացած հարցերը՝ ընթացիկ են: Սակայն կարգավորման հարցը, բնական է, որ փակված չէ:
– Ակնհայտ է, որ Ադրբեջանն արհամարհում է միջազգային հանրության պահանջները եւ ազատ չի արձակում գերեվարված ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց՝ խախտելով եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ Ժնեւի կոնվենցիաների դրույթները: Այս իրավիճակում ճի՞շտ է, որ պաշտոնական Երեւանը մասնակցում է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների, որովհետեւ, ստացվում է, մենք մեզ համար այդ կարեւոր հարցը դնում ենք մի կողմ՝ քննարկում ենք ադրբեջանական կողմի հետ այլ թեմաներ: Ռազմագերիների վերադարձի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե՝ «այլեւս ռազմագերիներ չկան», «նրանք ահաբեկիչներ են», այսինքն՝ պարզ է, որ Բաքուն չի ցանկանում վերադարձնել ռազմագերիներին: Եվ մյուս կողմից ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը այդ խնդիրը դարձնելու է, եթե արդեն չի դարձրել, հայկական կողմի վրա ճնշումներ բանեցնելու գործիք:
– Այո, դա ոչ միայն ճնշումների քաղաքականություն է, այլ՝ իրավիճակն ապակայունացնելու, ներքին լարվածություն ստեղծելուն է միտված: Բացի այդ, նման մոտեցումը հանդիսանում է իրենց հայատյաց՝ նացիստական քաղաքականության դրսեւորումը: Այդ մարդիկ իսկապես ռազմագերի են, նրանք չեն կարող ահաբեկիչ լինել: Ընդհակառակը՝ Ադրբեջանն է ահաբեկիչներ այստեղ բերել, բոլորը դա գիտեն: Բայց միջազգային հանրությունը, դժբախտաբար, չունի համապատասխան լծակներ, եւ երբեմն մենք նաեւ տեսնում ենք որոշ կառույցների պասիվությունը, նույնիսկ՝ անտարբերությունը, այս առումով՝ բնական է այս վիճակը: Բայց մեզ համար մեր ռազմագերիների, պատանդների վերադարձը իսկապես կարեւոր հարց է՝ նախեւառաջ մարդասիրական բնույթի խնդիր է:
Իսկ այն, որ այնտեղ կան գերության մեջ գտնվող մարդիկ եւ նրանց թիվը ավելի շատ է, քան Ադրբեջանն է հայտարարում, մենք դա պնդելու համար ունենք հիմքեր: Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպությունների այցելությունները նրանց, այդ թվում՝ Կարմիր խաչի կազմակերպության ներկայացուցիչներինը, չի ներկայացնում այնտեղ պահվող անձանց իրական թվերը: Ինչո՞ւ է Ադրբեջանն այդպես վարվում… Ցույց կտա ժամանակը, բայց Ադրբեջանի նման պահվածքը միջազգային իրավունքի ոլորտի, մարդասիրության կոպտագույն խախտում է: Այսինքն՝ սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, որովհետեւ, եթե մարդկության դեմ այս ակնհայտ խախտումների դեպքում նույնպես անտարբերություն է ցուցաբերվելու, ապա՝ նման հանցագործություններ կկատարվեն նաեւ այլ վայրերում:
– Այդ խնդիրների լուծման ուղղությամբ պաշտոնական Երեւանն ի՞նչ աշխատանքներ է տանում, որպեսզի միջազգային կառույցներն ավելի համակարգված, արդյունավետ աշխատանքներ տանի: Պատերազմի ընթացքում մենք ականատես դարձանք, որ Արցախի հայության դեմ կիրառվեցին կասետային, ֆոսֆորային ռումբեր, այս մասին եղան հրապարակումներ, զեկույցներ՝ Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների կողմից: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, կարծես, խոսք չկա, իսկ տեղյա՞կ եք, պարոն Բաբայան, ի՞նչ կոնկրետ աշխատանքներ են տարվում միջազգային կառույցներում Ադրբեջանի կողմից նման հանցագործությունների կիրառման հիմքով փաստերի հրապարակման վերաբերյալ:
– Այո, աշխատանքներ տարվում են տարբեր ուղղություններով, օրինակ, Ադրբեջանի կողմից հայատյացության քաղաքականության, մշակութային ցեղասպանության փաստերի, ձեր նշած զինատեսակների կիրառման վերաբերյալ, ռազմագերիների վերադարձման խնդիրներով: Այս հարցերով արտաքին քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն իրականացվում է: Իհարկե, անկախ ամեն ինչից, շարունակելու ենք ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահենք կատարված հանցագործությունների մասին փաստերը, որովհետեւ դրանք իսկապես մարտահրավեր են ողջ քաղաքակիրթ աշխարհին:
Շարունակությունը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան էջից:
«Առավոտ» օրաթերթ, 16.03.2021