Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուր տարվա խայտառակություն եւ անբարոյականություն

Մարտ 16,2021 22:00

Այս օրը, հարյուր տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 16-ին, միջազգային հանրության կողմից այդ ժամանակ չճանաչված երկու պետություններ, բոլշեւիկյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան՝ կնքեցին պայմանագիր Մոսկվայում, որը դե-ֆակտո կանխորոշեց մեր տարածաշրջանի հետագա ճակատագիրը։

Պայմանագիրը Հայաստանի մասին ստորագրվեց առանց Հայաստանի, պարտադրվեց Հայաստանին ռազմական ճանապարհով, օգտագործելով ներսի մոլորյալներին։ Հայաստանի զգալի մասն անցավ ռուս բոլշեւիկների «եղբայր» թուրքերին՝ հանուն ռուսական «մեծ գաղափարի», համաձայն ռուսական ասացվածքի. անտառը հատում են՝ տաշեղները թռչում են։ Բոլշեւիկները քաղաքացիական պատերազմից իրենց ավերված երկրի հաշվին սնուցում էին «հակաիմպերիալիստ» Քեմալին, նրա հարվածի տակ դնելով «իմպերիալիստ» հայերին եւ հույներին, որոնց էլ, իր հերթին, «փուռն էր տալիս» պատերազմից հոգնած Արեւմուտքը…

Այդ խայտառակությունը եւ անբարոյականությունը եւս ուղեկցվում էր «հայ-ռուսական բարեկամության» մասին զեղումներով, եւ սա այլեւս ցարական բռնապետությունը չէր, այլ «համայն մարդկությանը երջանկություն բերելուն» հավակնող, ցարական լծի դեմ պայքարող՝ «աշխարհի ամենաարդար հասարակարգը» կառուցելուն ձեռնամուխ եղած նոր ռուսական իշխանությունը։ Եվ նրանք հիմա ասում են, որ «մեզ փրկել են»…

Հարյուր տարի առաջվա ողբերգությունն այսօր կարելի էր համարել սոսկ անցյալի պատմության էջեր, եթե չլիներ այն իրողությունը, որի մեջ մենք այսօր ապրում ենք 44-օրյա պատերազմից հետո։

Իսկ իրողությունն այն է, որ Հայաստանը կանգնած է պատերազմական անհաջողությունից հետո գոյաբանական անորոշության դեմ հանդիման՝ անհաջողությունից, որի կարեւորագույն եւ ամենագործուն կերտողներից մեկը եղել եւ մնում է Մոսկվան, որը միլիարդավոր դոլարների զենք է վաճառել Ադրբեջանին «որպես բիզնես», որը «ոչինչ չէր կարող անել», որը մեզ «բացատրում» է, որ մեզ հետ «դարավոր բարեկամությունը դեռ չի նշանակում թշնամություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»։

Ոչ ոք Հայաստանում չի ուզում խոսել ռուսական պատասխանատվության մասին, խոսում են միայն «դարավոր բարեկամությունից», որ հանկարծ ավելի վատ բան «չսարքեն» հայկական վերահսկողության տակ մնացած Արցախի մասում, որ հանկարծ «չկասկածեն», թե «գնում ենք Արեւմուտք», ինչպես ամենօրյա ռեժիմով ազդարարում են «անկախ աղբյուրները» հենց նույն «դարավոր բարեկամի» ծոցից, որ հանկարծ չստացվի այնպես, որ այլեւս իրենց կողմից «փրկելու կարիքը չունենք» կամ, Աստված մի արասցե, «անշնորհակալաբար մոռացել ենք, թե ինչպես են մեզ փրկել եւ շարունակում փրկել»։

Ղարաբաղյան հակամարտությունն ինքնին՝ այսպիսի դրսեւորում չէր ստանա, եթե մահամերձ սովետական իշխանությունը կրկին չբացեր 1905թ. «թղթապանակները» եւ չվերակենդանացներ իր կույր կայսերապաշտ բնազդները։ Եվ եթե կայսերական-սովետական այդ «կենդանին» իր մահկանացուն կնքեր, ասենք, վեց ամիս ուշ, ապա խիստ հավանական է, համենայն դեպս՝ ոչինչ չէր խանգարում, որպեսզի «Կոլցո» օպերացիան նա հասցներ ավարտել Ստեփանակերտում…

Սովետական փաթեթավորմամբ ռուսական կայսրության վախճանը, որը մեծագույն բարիք էր հայ ժողովրդի համար, այլ ոչ թե «մեծագույն աշխարհաքաղաքական աղետ»՝ շնչելու հնարավորություն բացեց այլեւս Ազատ եւ Անկախ Հայաստանի համար, սակայն այդ «ազատ շնչառությունը» փակվեց, երբ արդեն «նոր» Ռուսաստանում կրկին վերակենդանացավ կայսրության ուրվականը, այս անգամ՝ «ռուսսկի միռ»-ի տեսքով, որը ենթադրում է առավելագույն իրավունքներ եւ նվազագույն պարտականություններ։

Մեծ պետություններին արգելված չէ տարածել իրենց մշակութային-քաղաքական ազդեցությունն ավելի փոքր երկրներում, երբ դա արվում է առանց «կլյուչնիկի» հնարքների եւ գլխին նստելու, կամ ցանկացած արժեքավոր բանին «ձեռք գցելու», փոխադարձ օգտակարության սկզբունքով, այլ ոչ թե «ուրագով»՝ «ուժ կա՝ խելք պետք չէ» սկզբունքով։

Այսօր Ռուսաստանը հետխորհրդային տարածքում առաջնորդվում է երեսուն տարվա անկախ, միջազգայնորեն ճանաչված պետությունները «էքսկլյուզիվ ազդեցության գոտու» վերածելու ռազմավարությամբ, եւ Արեւմուտքի հետ հակամարտության հիմքն այն է, որ «Յալթա-2» գործարքի առաջարկը Մոսկվայի կողմից Արեւմուտքը մերժում է։ «Թշնամի ՆԱՏՕ-ն» դադարում է թշնամի լինելուց, երբ խոսքը գնում է Թուրքիայի մասին, որի համար կարելի է նույնիսկ ատոմակայան կառուցել եւ վաճառել ՀՕՊ համակարգեր, որոնք Արցախում «չաշխատեցին», այնպես էլ Ադրբեջանի «սուվերեն իրավունքն է» բարեկամություն անել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, երբ այդ նույն բանը ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրի հետ, ասենք, Ուկրաինայի պարագայում «դավաճանություն է» եւ «ռուսատյացություն»։ Ահա եւ ՆԱՏՕ-ի ողջ «թշնամությունը» Մոսկվայի համար՝ իր ողջ «հմայքով»։

Ի դեպ, թշնամության մասին։ Իսկ ո՞վ է ասել, որ Ռուսաստանի հետ մե՛ր բարեկամությունը նշանակում է, որ մենք էլ պիտի Մոսկվայի նման թշնամանանք Արեւմուտքի՝ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ, կամ թույլ տանք Մոսկվային, որ մեր հարաբերությունները Արեւմուտքի հետ նա փչացնի։ Կամ Մոսկվայի «թշնամի» հայտարարված Վրաստանի, Ուկրաինայի կամ այլոց հետ։ Կամ հանդուրժենք մեր ներսում յուրաքանչյուր ստահակի, ով բռնվելուց երդվում է Ռուսաստանի «արեւով», բռնողին էլ հայտարարում «Արեւմուտքի մութ ուժերի գործակալ»…

Հարյուր տարվա վաղեմության այս խայտառակությունը եւ անբարոյականությունը, ցավոք, կարծես այդպես էլ չվերաիմաստավորվեց՝ ո՛չ Երեւանում, ո՛չ Մոսկվայում։

Բոլշեւիկյան Ռուսաստանը վաղուց է «հանգչում» քաղաքական աղբանոցում, եւ իմաստ չունի այսօրվա Ռուսաստանից քաղաքականապես հաշիվ պահանջելը։ Սակայն, մյուս կողմից, ակնհայտ է, որ վերակենդանացող կայսերական «կմախքները», որոնց փայփայում են Մոսկվայում, իսկ Երեւանում օդը պղտորող նրանց քաղաքական պրոքսիները ցածր ինտելեկտի պատճառով մնացել են Մոսկվայի հույսին՝ չունեն որեւէ պատմական հեռանկար։ Իսկ քաղաքական մեռելներին քաղաքականապես բարեհաջող թաղելն ունի նաեւ հիգիենիկ նշանակություն՝ բառիս ամենալայն իմաստով։

Ժամանակն է ընդունել, որ Հայաստանը Ռուսաստան չէ եւ չի՛ լինի, եւ 21-րդ դարում միջազգային հարաբերությունները չեն կարող չհետեւել քաղաքակրթության նորմերին, համենայն դեպս, 19-րդ դարի Նիկոլայ Պալկին ցարի բարքերն այլեւս ոչ ոք չի հանդուրժելու։ Այնուամենայնիվ, «նոր կայսրության» ուրվականը, որը շրջում է հետխորհրդային տարածքով, օրինաչափորեն չի կարողանում որեւէ խնդիր լուծել, կարող է սակայն դեռ բազում խնդիրներ հարուցել, ընդհուպ մինչեւ մեծ արյունաթողություն, հանուն այդ «ռուսսկի միռ»-ի։ Եվ դրանից խուսափելու, քաղաքակիրթ զարգացման ճանապարհով ընթանալու գերխնդիրը, որը դեռ լուծված չէ՝ արդիական է պահում այն ամենը, ինչը տեղի է ունեցել ուղիղ մեկ դար առաջ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031