Լրահոս
Օրվա լրահոսը

Սա այն հարցն է, որի վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա նույնիսկ «Իմ քայլի» ներսում. «Հայկական ժամանակ»

Մարտ 16,2021 09:00

«Առանց ընտրական օրենսգրքի փոփոխության անցկացվող ընտրությունները հերթական եւ բավականին ուժեղ հարվածը կլինի 18 թվականին սկիզբ առած հեղափոխական գործընթացներին ու, ընդհանրապես, ժողովրդավարությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սուրեն Սահակյանը։

Սա այն հարցն է, որի վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա նույնիսկ «Իմ քայլի» ներսում: «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները համակարգող խմբի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի կարծիքն, օրինակ, այս հարցում գրեթե նույնական է Սուրեն Սահակյանի հետ:

Դանիելյանը բազմիցս ընդգծել է, որ առանց «Ընտրական օրենսգիրքը» փոփոխելու կայացած արտահերթ ընտրությունները կլինեն բաց թողնված հնարավորություն: Նրա համոզմամբ՝ նոր օրենսգիրքը նպաստելու է՝ ունենալ ավելի ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ: Դանիելյանը կողմ է մի քանի ամիս ավելի ուշ ընտրություններ անցկացնելուն, բայց բարելավված օրենսգրքով:

Այս առումով առանցքային փոփոխությունը, ինչպես տեղեկացրել ենք, ընտրակարգի փոփոխությունն է: Փոփոխությունների նախագծում առաջարկվում է ռեյտինգային ընտրակարգը փոխարինել փակ համամասնականով: Բացի այդ, կարեւոր է համարվում նաեւ անցողիկ արգելապատնեշի փոփոխությունը, բոնուսային համակարգի վերացումը եւ այլն:

Իսկ ահա «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանը «Արարատ» ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Մենք պատրաստ ենք գնալ ընտրությունների ե՛ւ տարածքային ցուցակներով՝ այսինքն` ռեյտինգային ընտրակարգով, ե՛ւ փակ համամասնական ընտրակարգով: Մենք կրկին ուզում ենք, որ բոլոր քաղաքական ուժերը անեն հայտարարություն, թե իրենք ինչպիսի ընտրակարգով են ցանկանում գնալ ընտրությունների: Երբ որ մենք տեսնենք, որ քաղաքական դաշտը այնուամենայնիվ նախընտրում է այս կամ այն տարբերակը, մենք դա անպայման հաշվի կառնենք»:

Ենգիբարյանն ընդգծեց՝ դա կարեւոր է, որպեսզի չլինի այնպես, որ ընտրություններից առաջ կամ հետո որեւէ քաղաքական ուժ հայտարարի, թե իշխանություններն իրենց կարծիքը չեն հարցրել:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031