Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանրահավաքն իր համար այդքան կարեւոր է, ցուցադրել, թե մարդիկ դեռ իրեն իբր հավատում են, դե պատկերացրեք ինչերի է ինքը պատրաստ լինելու հանուն քվեի». ՀՅԴ-ական

Մարտ 15,2021 21:44

«Լիքը մարդիկ արդեն սթափվել են, արդեն ակնհայտ տեսնում են ստերը, արդեն ակնհայտ դավաճանական փաստեր են արձանագրվել, էլ չի կարողանում իշխանական քարոզչամեքենան իր հիմար թեզերն առաջ տանել ու մոլորեցնել մարդկանց»,- այսօր Բաղրամյան պողոտայում մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Աշոտ Հովհաննիսյանը, որը մասնակցում է նստացույցին ու մնում վրանում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նա ասաց, որ օրեցօր ճնշումը մեծացնելով հասնելու են իրենց նպատակին, այն է՝ բանակցություններում բանակցողին փոխելը. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ՝ անհեթեթություն եմ համարում: Կփորձեն, թե չեն փորձի քաղաքական ուժերը, դա ես չեմ որոշում, բայց անհեթեթություն կլինի, որ մարդիկ հավատան, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան իր կյանքում արդար անելու է: Բացառվում է: Նա Հանրապետության հրապարակում հանրահավաք արեց, որտեղ տեսանք պետական ռեսուրսի ինչպիսի կիրառում օգտագործեց: Եթե հանրահավաքն իր համար այդքան կարեւոր է, ցուցադրել, թե մարդիկ դեռ իրեն իբր հավատում են, դե պատկերացրեք ինչերի է ինքը պատրաստ լինելու հանուն քվեի»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ հնարավոր է ապստամբության գնան ու կտրուկ քայլերի: Աշոտ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ սա նյարդերի պայքար է, ով ինչքան կդիմանա. «Ամեն օր այստեղ ինչ-որ գործողություն կատարվում է, որովհետեւ ամեն օր ծառից ինչ-որ տաշեղ պոկվում է: Հաստաբուն ծառ է, որը հասցրել է արմատներ ունենա: Ձեր ասած ծայրահեղ միջոցն այն է, որ միանգամից վերցնես ու ծառը կտրես: Մենք ունենք նյարդեր»:

Հարցին՝ Բաղրամյան պողոտայում հավաքվածներին ասում են, որ աթոռակռիվ են անում, մի քանի պաշտոն տան՝ կգնան տներով՝ Աշոտ Հովհաննիսյանը պատասխանեց. «Հրավիրում եմ աթոռ վերցնելու: Թող աթոռը վերցնեն, պատասխանատվություն կրեն, չեղած պետությունը ստեղծեն, անզեն բանակը նորից զինեն: Թող գան, կա՞ այդպիսի մարդ, որ կարող է վերցնել պատասխանատվություն: Նոր սահմանամերձ շրջաններ եւ այլն: Համեցեք: Թող գան իրենք վերցնեն աթոռը ու երաշխիք տան, որ պատրաստ են դա անել: Ինձ ու իմ պայքարի ընկերներին ընդհանրապես դա պետք չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031