«Մեծ շրջափուլ ենք անցել, պիտի ամփոփենք այն բոլոր հիմնադրույթները, որոնց շուրջ համաձայնության ենք եկել և շարժվենք առաջ»,-Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի տարածաշրջանային 5-րդ առցանց ժողովի ընթացքում հայտարարեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Նա փաստեց՝ մեկ տարի առաջ, երբ որոշեցին այս աշխատանքները շարունակել, իրավիճակն այլ էր, և բոլորը լիահույս էին, որ պիտի կարողանան տարածաշրջանային հանդիպումներ անել, սակայն, դրանք արեցին առցանց:
Հիշեցնենք՝ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը, հիմնվելով 2020 թվականի փետրվարի 29-ից մարտի 1-ն Անթիլիասում կայացած նիստի որոշումների վրա, մեկ տարվա ընթացքում կազմակերպել է տարածաշրջանային առցանց խորհրդակցություններ: Այդ ընթացքում կայացել են Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների ու ԱՊՀ երկրների հայկական լրատվամիջոցների խմբագիրների առցանց հանդիպումները:
Արամ Անանյանը փաստեց՝ հիմա իրավիճակն է այլ, քանի որ տարածաշրջանային համաժողովների ընթացքում համավարակին զուգահեռ դեռ չկար նաև պատերազմ, չկար այն իրողությունը, որի մեջ հիմա հայտնվել ենք: Այս առիթով նա արձանագրեց. «Անշուշտ, այդ ամենն իր շտկումները բերելու է համահաժողովի հաջորդ խորհրդաժողովի օրակարգին: Պիտի քննարկումներ ունենանք ամփոփելու պատերազմի դասերը, հասկանալու, թե ինչ հաջողվեց, չհաջողվեց, ինչում մենք պիտի ավելի պատրաստ լինենք»:
Կարդացեք նաև
Ըստ Արամ Անանյանի՝ պատերազմն ապացուցեց միջազգային լրատվամիջոցներում մեր հայրենակիցների մասնակցության հարցում բաց և ներառական լինելու կարևորությունը, որ համահայկական լրագրողական ցանցը ոչ միայն լինի ՀՀ-Արցախ-սփյուռք, այլև ՀՀ-Արցախ-սփյուռք և աշխարհ՝ ներառելով մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք այս կամ այն լրատվամիջոցում կամավոր սկզբունքով անգամ աշխատում են, որ այս ցանցը կարողանանք ուժեղացնել:
Արամ Անանյանն առաջարկեց Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի կազմն ընդլայնել և այդ հարցը դնել հետագա նիստերի օրակարգում: Համակարգող խորհրդի անդամ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն էլ համաձայնեց այս առաջարկության հետ: Նա տեղեկացրեց՝ շուտով կունենան նաև լիագումար նիստ, որի վայրն ու օրակարգը դեռ հստակ չէ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Հարություն Ծատրյանը մտահոգություն հայտնեց՝ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում և աշխատանքներ տանում հատկապես եվրոպական ուղղություններով. «Ես նաև մի եվրոպական երիտասարդական կազմակերպության խորհրդում եմ, որը Գերմանիայում է գրանցված. գերմանական կազմակերպություն է, ու մենք փորձում ենք հնարավորություններ տալ պատերազմական գոտում գտնվող երիտասարդ լրագրողներին: Նկատեցինք, որ կա Ադրբեջանի կողմից հստակ համակարգում: Ես հետաքրքրվեցի՝ մեր կազմակերպության ռուսական հատվածը, որ Սանկտ Պետերբուրգում էր գտնվում, ինձ ասացին, որ շատ մեծ գումարների տրամադրումն իրականություն է: Ադրբեջանը օտարերկրյա դեսպանների և միջնորդների միջոցով գումարներ է տալիս, կաշառում լրագրողներին, լրատվամիջոցներին: Նույնիսկ Эхо Москвы-ի անունը հիշատակեցին, որ երբ այստեղ մի պրոհայկական տող են տեսել, գնացել, անձնապես լրագրողին գտել ու պայուսակով մոտեցել են նրան: Դեռ կարծում եմ պայուսակով մոտենալու այս դեպքերը երկար են շարունակվելու: Սա վկայում է այն մասին, որ հատկապես եվրոպական ուղղություններով Ադրբեջանի կողմից մեծ աշխատանքներ են տարվում: Երբ ասում ենք՝չեն հանգստացել, ինձ թվում է իրենք երբեք էլ հանգիստ չեն եղել, ու հանգստություն չի էլ լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ