Հայ գերիների հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի օրակարգ է մտնում, այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրում տեղեկություն Բաքվի բանտերում պահվող հայ գերիների մասին։
«Այն դեպքում, երբ որ դատարանի որոշումները` միջանկյալ միջոց կիրառելու այդ հայտնի որոշումները պարբերաբար չեն կատարվում կամ խախտվում են պատասխանող պետության կողմից, իսկ այս դեպքում դա Ադրբեջանն է, դատարանը ունի հայեցողություն` որոշելու դիմել այդ հարցով կամ ծանուցել այդ մասին, այդ չկատարման փաստի մասին տեղեկացնել նախարարների կոմիտեին, որպեսզի վերջինս վերահսկողություն իրականացնի կամ տա առնվազն իր գնահատականը Ադրբեջանի կողմից այդ որոշումները չկատարելու փաստի վերաբերյալ», – ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի քաղաքական որոշումներ կայացնող մարմինը՝ նախարարների կոմիտեն ունի լծակներ` ազդելու Ադրբեջանի վրա, սակայն պարզ չէ, թե կոմիտեն ինչ ճանապարհ կընտրի՝ պատժամիջոց, դատապարտող հայտարարություն, հանձնարարական. «Դատելով նրանից, որ ըստ էության, կոմիտեն իր բնույթով ունի այդ քաղաքական տարրն իր մեջ, հնարավոր են նաև ավելի խիստ միջոցներ»:
Հայկական կողմը 249 դիմում է ներկայացրել Ստրասբուրգի դատարան, ըստ Լիպարիտ Դրմեյանի՝ ունեն փաստեր, որ այդքան հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան Ադրբեջանում, սակայն այդ երկիրը մինչև այժմ 119 անձի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տալիս, 71 հոգու վերաբերյալ ներկայացրել են հաստատում, որ նրանք գերեվարված են, սակայն նրանց վերադարձնելու հարցով որևէ շարժ չկա: Ավելին՝ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները պարբերաբար կրկնում են, որ իրենք գերիներ չունեն, ունեն եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված դիվերսանտներ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: